Քաղաքական

ԱԺ-ում քննարկվում է Աննա Վարդապետյանին ՀՀ Գլխավոր դատախազ առաջադրելու հարցը

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է է Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար ԱԺ թեկնածու առաջադրելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովին ներկայացրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Իր ելույթում Աննա Վարդապետյանը նշեց, թե «դատախազ» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է հոգ տանել. «Իսկ ո՞ւմ մասին պետք է հոգ տանի դատախազը: Ինձ համար պատասխանը շատ պարզ է՝ մարդու: Այն մարդու, ում ամենօրյա աշխատանքի շնորհիվ գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը: Դատախազությունը պետք է լինի այդ մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորը, պետք է հոգ տանի, որ այդ մարդը բռունցքներով, զենքով, այլընտրանքային, ստվերային, հանցավոր և այլ ոչ իրավաչափ միջոցներով ստիպված չլինի պաշտպանել իրեն ու իր ընտանիքը»:

Նրա խոսքով՝ դատախազը մարդու մասին պետք է հոգ տանի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, նվիրված աշխատանքով, տարբեր գայթակղություններին «ոչ» ասելու ունակությամբ, հանցավորության նկատմամբ անհանդուրժողականությամբ. «Եվ որ ինձ համար ամենակարևորն է՝ վախի բացակայությամբ»:

Վարդապետյանի խոսքով, ինքը երբևէ չի հավակնել Գլխավոր դատախազի պաշտոնին և իր կարիերայի ընթացքում երկու անգամ հրաժարվել է Գլխավոր դատախազությունում բարձր պաշտոններից. «Այսօր ես գնում եմ այդ քայլին, ու նպատակս մեկն է՝ գիտելիքս ծառայեցնել օրենքի գերակայության ավելի բարձր նշաձողի սահմանմանը և դրանով նպաստել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը»: