«Հանուն Հանրապետության» կուսակցության մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Ս․թ․ հունիսի 27-ին Հանուն Հանրապետության Կուսակցության Քաղաքական Խորհրդի պատվիրակությունը կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ՝ կուսակցության գրասենյակում հյուրընկալեց Ռամկավար-Ազատական Կուսակցության (ՌԱԿ) պատվիրակությանն՝ ատենապետ, պարոն Միքայել Խարապյանի գլխավորությամբ, որը գտնվում է Երեւանում՝ ավանդական կուսակցության մեկդարյա հոբելյանին նվիրված տոնակատարություններին մասնակցության առիթով։
Անկեղծ, ջերմ եւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգերի կարեւորագույն հարցերում արժեքային համախոհության մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցերի լայն շրջանակ, որը վերաբերվում է մեր պետության կայունությանը եւ ներքին անվտանգությանը, քաղաքացիների ժողովրդավարական ազատություններին եւ իրավունքներին, ժողովրդավարական բարեփոխումների եւ հետպատերազմական վերականգնման ընթացքին։ Մանրամասն անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ Արցախի գոյաբանական մարտահրավերներին, քննարկում ծավալվեց դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ։
Կուսակցության նախագահի եւ Քաղաքական Խորհրդի անդամների կողմից առանձնահատուկ շեշտվեց Հայաստան-Սփյուռք՝ նոր որակի հարաբերությունների հրամայականը, կարեւորելով Սփյուռքի ահռելի փորձի եւ ներուժի՝ Հայրենիքում հասարակական-քաղաքական ինստիտուտների արդիականացման եւ կայացման գործում ներգրավման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում ՌԱԿ ատենապետին հանձնվեց կուսակցության հարյուրամյա հոբելյանի առթիվ Հանուն Հանրապետոության Կուսակցության պաշտոնական շնորհավորական ուղերջի բնօրինակը, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա գործնական համագործակցության, ռազմավարական նշանակության հարցերի շուրջ դիրքորոոշումների ներդաշնակեցմանն ուղղված քաղաքական խորհրդակցությունների պարբերականության, փոխադարձ այցերի վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ՌԱԿ Կենտրոնական Վարչության անդամներ Լիբանանից, Կանադայից եւ ԱՄՆ-ից»։