ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, խոսել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության մասին։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։
- Պրն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը փորձում է նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել, ներկայանում է ագրեսիվ հռետորաբանությամբ։ Ձեր կարծիքով՝ պատերազմի հավանականություն կա՞, թե՞ ոչ։
- Համաշխարհային գլոբալ հակադրության պայմաններում, երբ միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի համակարգը փլուզվում է (իսկ դա բոլորիս աչքի առաջ տեղի է ունենում՝ ուկրաինական պատերազմի հետևանքով), տարբեր ռեգիոններում տուրբուլենտ վիճակ է լինում, և պատերազմների հավանականությունը շատ մեծ է լինում։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի ասածը հիմնազուրկ չէ։ Իհարկե, գուցե այլ պատճառներ էլ կան, օրինակ, հասարակական կարծիքը կառավարելու նպատակով գուցե նա մի փոքր գույները խտացրել է,և այլն, բայց որ պատերազմի ռիսկ կա, ակնհայտ է։ Պատճառը միայն Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը չէ. համաշխարհային տուրբուլենտությունը հանգեցնում է լարվածության աճի՝ բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ գոյություն ունեն կոնֆլիկտներ։ Օրինակ, Կենտրոնական Ասիայի տարբեր երկրների միջև այս փուլում գլուխ են բարձրացրել տարբեր տարածքային վեճեր։ Դժբախտաբար, եթե բանակցային սեղանի շուրջ կոնկրետ լուծումներ չգտնվեն, պատերազմի հավանականությունը մեծանում է։
- Փաշինյանը հայտարարեց, որ մայիսին ՀՀ-ն 2 անգամ պատրաստակամություն է հայտնել՝ մեկնարկել Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը, սակայն Ադրբեջանի կողմից 2 անգամ դա չեղարկվել է։ Ինչո՞վ է սա պայմանավորված։
- Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մի շարք խնդիրների վերաբերյալ այս պահին տեղի է ունենում ՌԴ-ի և Ադրբեջանի դիրքորոշումների սինխրոնիզացիա։ Ադրբեջանը փորձում է ՌԴ-ի միջոցով ճնշում բանեցնել ՀՀ-ի վրա և առանձնապես շահագրգռված չէ բանակցային գործընթացով։ Ադրբեջանը փորձում է Սյունիքի ճանապարհի, դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում ՀՀ-ից որոշակի զիջումներ կորզել, հետո բանակցային ֆորմալ գործընթացի շրջանակում դրանք կապիտալիզացնել։
- Վերջին շրջանում եվրոպական կողմը կարծես ավելի լուռ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում. ինչու՞։
- Երբեք էլ գործընթացի գլխավոր մոդերատորի դերում Եվրամիությունը չի եղել։ Դա շատ վտանգավոր ծուղակ էր ՀՀ-ի համար, քանի որ ԵՄ մայրաքաղաքից, ըստ էության, Հայաստանին ճամբարափոխության քողարկված առաջարկ էր արվում։ Եվրամիությունը չունի որևէ գործիքակազմ՝ Հարավային Կովկասում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում գլխավոր մոդերատոր լինելու համար։ Նա «գետնի վրա» լծակներ չունի։ Անվտանգությունը Արցախում ապահովում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։ Անկախ նրանից՝ մենք ինչպես ենք վերաբերվում ՌԴ-ին, երկու սխալ կանխավարկածներ կային, որոնք թույլ էին տվել, որ որոշ մարդիկ խոսեն ԵՄ գլխավոր դերակատարության մասին։ Հիմնական սխալ կանկավարկածն այն էր, թե իբր ռուսական բանակը պարտություն է կրելու Ուկրաինայում։ Դա ի սկզբանե անհիմն, փաստազուրկ վարկած էր, որի վրա չէր կարելի քաղաքական հաշվարկներ կառուցել։
Ուկրաինական թատերաբեմում կատարվող իրադարձություններն այս պահին չեն կարող կասկածի տակ դնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանալին, ուզենք, թե չուզենք, Մոսկվայում է։
- Փաշինյանը հայտարարեց նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին։ Այսօր ԱՄՆ Պետդեպը հաղորդագրություն էր տարածել, որ Մինսկի խմբի ՌԴ համանախագահը մերժել է զրույցի հրավերը։ Ի վերջո, ի՞նչ է կատարվում Մինսկի խմբի շուրջ։
- Քաղաքական պրոցեսները պետք է գնահատել ռեալիզմի դիրքերից։ Ցանկություններին տրվելն արկածախնդրություն է։ Փաստն այն է, որ համաշխարհային գլոբալ հակադրությունը հանգեցրել է Մինսկի խմբի համանախագահության փաստացի, ինստիտուցիոնալ չգոյությանը։ Իհարկե, այդ ձևաչափը մեզ համար կենսականորեն կարևոր է, բայց մենք չենք կարող միջնորդ լինել ու նպաստել ՌԴ-ի և Արևմուտքի հարաբերությունների բարելավմանը։ Մենք չունենք այդ ռեսուրսները, չենք կարող ընդհանրապես այդ պրոցեսում որևէ դերակատարում ունենալ, հետևաբար, անիմաստ է խցկվել նրանց հակադրության տիրույթ ու ստանձնել մի առաքելություն, որն ի սկզբանե դատապարտված է ձախողման. մենք չենք կարող հաշտեցնել Արևմուտքին և ՌԴ-ին։
Սա, իհարկե, չի նշանակում, որ ՀՀ-ն պետք է աշխատի միայն Մոսկվայի հետ։ ՀՀ-ն պետք է աշխատի օգտվել Փարիզի և Վաշինգտոնի հետ հարաբերվելու պատուհանից ևս։ Պետք է ընդունենք նաև, որ հետպատերազմական ստատուս քվոն կառուցված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։ Ըստ այդմ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենալու այս ձևաչափով. սա է ռեալ պոլիտիկը։ Երբ օրեր առաջ ՌԴ ԱԳ նախարարը Բաքվում խոսում էր Մինսկի խմբի համանախագահության գործունեության դադարի մասին, ակնարկում էր, որ սառը պատերազմի տրամաբանության մեջ Մոսկվան անելու է առավելագույնը՝ Հարավային Կովկասում Արևմուտքի ինստիտուցիոնալ ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ։ Սրանք փաստեր են, որոնց հետ հայկական դիվանագիտությունը հաշվի չնստել չի կարող՝ անկախ նրանից, թե ինչ են հայտարարում կամ ցանկանում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը կամ իշխանության մյուս ներկայացուցիչները։