Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է ԶԼՄ-ների և ՀԿ-ների հարցերին։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին` Փաշինյանը հայտնել է.
«Ադրբեջանի խոսույթը մեծ խնդիր է։ Միջազգային հանրությունն արձագանքում է, որ Հայաստանն ամեն անգամ փորձում է լինել մաքսիմալ կառուցողական, սակայն ի պատասխան՝ տեսնում ենք Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունը»։
Ըստ վարչապետի` «Մայիսին ՀՀ-ն 2 անգամ պատրաստակամություն է հայտնել մեկնարկել Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը, սակայն Ադրբեջանի կողմից 2 անգամ չեղարկվել կամ հետաձգվել է հանդիպումը։ Այսպես կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի»:
Վարչապետը հայտարարել է, որ այսօր նախատեսված էր հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպում, որը, սակայն, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, չի կայացել. «Բրյուսելում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի հանդիպում էր այսօր նախատեսված, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է մասնակցել»: