Քաղաքական

Փորձում են ցույց տալ, թե խորհրդարանում անելիք ունեն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն օրերս հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը պայքարը կշարունակի խորհրդարանից դուրս։ Սակայն ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները չեն պատրաստվում հետևել նրան՝ նշելով, թե խորհրդարանում շարունակելու են աշխատել՝ իշխանություններին հեռացնելու ուղղությամբ։

«Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանը Radar Armenia-ի հետ զրույցում չմեկնաբանեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ մանդատները պահելու որոշումը. «Ես կարող եմ մեկնաբանել իմ կուսակցության նախագահի որոշումը, որի հետ համաձայն եմ։ Խորհրդարանի անցած մեկ տարվա աշխատանքները ցույց տվեցին, որ ընդդիմությունն այս մեծամասնության հետ համատեղ աշխատանքի որևէ ընդհանուր եզր դժվար կարողանա գտնել»,-ասաց նա։

Արդյո՞ք ԱԺ մնացած ընդդիմադիր պատգամավորները կկարողանան մանդատներն արդյունավետ օգտագործել. Գալստյանի կարծիքով՝ ԱԺ-ում ընդդիմության գործունեությունը խիստ սահմանափակված է. «Խորհրդարանում այս պահին ընդդիմության գործունեության լուրջ սահմանափակումներ կան։ Այս մեկ տարվա ընթացքում Արցախին վերաբերող բոլոր նախաձեռնությունները ԱԺ մեծամասնությունը տապալել է։ Ի՞նչն է փոխվելու վերջինիս մոտեցումներում, որ ընդդիմության հետ ազգային գերակա շահերը քննարկի»։

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանի կարծիքով՝ Վանեցյանի որոշումը ճիշտ էր, սակայն՝ ուշացած։ Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց. «Արթուր Վանեցյանը մտածեց, որ, միանալով Սերժ Սարգսյանին, հնարավորություն կունենա՝ մտնել խորհրդարան։ Ձայները հավաքեցին, բայց հասկացան, որ դա ոչինչ չտվեց։ Հիմա մենք ունենք ԱԺ ընդդիմություն, որի դեմքերից մեկը Ռոբերտ Քոչարյանն է, մյուսը՝ Սերժ Սարգսյանը։ Չեմ կարծում՝ «Հայրենիք» կուսակցությանը կհաջողվի հասարակությանը բացատրել, որ հիմա, առանձնանալով նրանցից, նոր ծրագրով են հանդես գալու»։

«Հայաստան» խմբակցության պնդումները, թե մանդատներն իրենց պետք են՝ նաև վարչապետին իմպիչմենտ հայտնելու համար, ըստ քաղաքագետի, ծիծաղելի է. «Իրենք շատ լավ գիտեն Սահմանադրության 115-րդ հոդվածը՝ վարչապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի ստորագրությունը։ Հազիվ այդքանն ունեն։ Կարծում եմ՝ իշխանությունները պետք է անեն ամեն ինչ, որ անհրաժեշտ ստորագրությունները հավաքվեն։ Այդ դեպքում ընդդիմադիրները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին։ Դրանից հետո էլ դեռ պետք է հավաքեն անհրաժեշտ ձայները՝ առնվազն 54, ինչը չեն կարողանա անել։ Սա նշանակում է, որ խորհրդարանում իրենք դնում են վարչապետին անվստահություն հայտնելու հարցը, որ այդ թեման մեկընդմիշտ փակեն՝ փորձարկելով ևս մեկ անիմաստ տարբերակ»։

Ըստ քաղաքագետի՝ քանի որ փողոցում ոչինչ չստացվեց, ուզում են ասել, թե խորհրդարանում անելիք ունեն։