Քաղաքական

Ի՞նչ է սպասվում «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Վանեցյանի մանդատը վայր դնելուց հետո

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, թե ինչ գործընթաց է սպասվում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո:

Նրա խոսքով. «Եթե լիազորությունները դադարեցվում են, ապա մանդատը փոխանցվում է տվյալ ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե հերթական հաջորդ թեկնածուն սահմանված կարգով ներկայացնում է ինքնաբացարկ, ապա մանդատը փոխանցվում է հաջորդ թեկնածուին, որն ինքնաբացարկ չի ներկայացրել: Հետևաբար` խմբակցությունը, որն ԱԺ-ում արդեն ունի անվանում, հանդես է գալիս այդ անվամբ, այդ անվանումը պահպանվում է»:

Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ, եթե ընտրական ցուցակում այլևս չկա թեկնածու, որին կարող է փոխանցվել մանդատը, ապա այն մնում է թափուր:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կլինի, եթե օրինակ երկու ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պատգամավորները մանդատներից հրաժարվեն՝ Մուկուչյանն ասաց՝ օրենսգիրքը սահմանում է, որ, եթե ընտրական ցուցակի հերթական բոլոր հաջորդ թեկնածուները հրաժարվում են, ու ընտրական ցուցակում այլևս չկա թեկնածու, ապա այդ դեպքում այդ մանդատը թողնվում է թափուր, չի փոխանցվում որևէ այլ անձի: Նշված պայմաններում խորհրդարանը, ըստ առկա օրենսդրական կարգավորումների՝  այդ թափուր մանդատով շարունակում է գործունեությունը: