ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության հեռանկարներին։
Զախարովայի խոսքով, եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը։ Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հայտարարությանը, թե ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, Զախարովան նշել է. «Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ձևաչափից հրաժարվելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ պարզաբանում չի եղել, ինչը, ըստ նրա, «անպատասխանատու քայլ է»։
Նա հավելել է, որ ռուսական կողմը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, և որ Մոսկվան կանի հնարավորը, որպեսզի կյանքի կոչվեն երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները:
Զախարովան հիշեցրել է՝ Մոսկվայում շուտով կկայանա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի 2-րդ նիստը. «Հատուկ ուշադրություն կդարձվի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»։