«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե ՀՀ ԱԺ պատգամավորներն ինչպե՞ս են ծախսել աշխատավարձին զուգահեռ ամսական տրամադրվող 250 հազար դրամ գումարները, որ սահմանվեց 2021թ. հուլիսին «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում։
Խորհրդարանի 106 պատգամավորներից հարցմանը պատասխանել են միայն 8-ը։
Խորհրդարանական մեծամասնությունից՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, մեր հարցմանը պատասխանել է 6 պատգամավոր։
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցման պատասխանում նշել է, որ 2022 թվականի մարտին այցելել է երեք մարզ, եղել է ութ բնակավայրերում, ապրիլին այցելել է երեք մարզ, եղել է յոթ բնակավայրերում, իսկ մայիսին՝ 3 մարզ, 8 բնակավայր։
Պատգամավոր Զարուհի Բաթոյանը վերջին երեք ամիսներին պատգամավորական գործունեության համար ստացել է 750 հազար դրամ, որից 470 հազար դրամը հատկացրել է տրանսպորտային ծախսերին՝ վճարելով թեքահարթակով կահավորված մեքենայի և վարորդի ծառայությունների համար։ Ըստ հարցման պատասխանի՝ պատգամավորը մասնակցել է աշխատանքային հանդիպումների, քննարկումների և միջոցառումների։ Մարզային մեկ այց է ունեցել․ այցելել է Կոտայքի մարզ, մասնակցել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ միջգերատեսչական ամփոփիչ քննարկմանը։
Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Ալխաս Ղազարյանը հարցմանը պատասխանել են ընդհանրական ձևակերպումներով՝ մեջբերելով ԱԺ կանոնակարգը։
Խաչատուր Սուքիասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերից սկսած յուրաքանչյուր ամիս իրեն տրամադրվող գումարը, որը նախատեսված է պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերի մարման համար, փոխանցում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Վահե Ղալումյանը, ըստ հարցման պատասխանի, իրեն հատկացվող փոխհատուցման գումարը ուղղել է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին։ Ղալումյանը գումարը ծախսել է մարզեր այցելությունների, ճանապարհածախսի, գիշերակացի, օրապահիկի, հանդիպումների կազմակերպման և այլ նպատակներով։ Վահե Ղալումյանը մշտապես այցելում է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ, Իջևան, Դիլիջան համայնքներ, եղել է Լոռու մարզի Ախթալա, Շնող, Օձուն համայնքներում, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի մարզերի տարբեր բնակավայրերում: Շիրակի մարզում հանձնաժողովի արտագնա նիստ են անցկացրել, ուսումնասիրել հանձնաժողովի գործունեությանը վերապահված ոլորտներում առկա խնդիրները։
«Հայաստան» խմբակցությունից տեղեկացրել են, որ խմբակցության անունից կուղարկվի ամբողջական պատասխան։
Խմբակցության անունից ուղարկված ամբողջական պատասխանը, սակայն, կրկին ընդհանրական է, դրա միջոցով հնարավոր չէ գնահատել պատգամավորների ծավալած գործունեությունն անհատապես։ Պատասխանում նշվում է, որ պատգամավորներն այցելել են ՀՀ բոլոր մարզեր, Երևանի տարբեր վարչական շրջաններ, հանդիպել են հարյուրավոր քաղաքացիների հետ և այլն։
Իսկ խորհրդարանի երեք խմբակցություններից ամենափոքրի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ոչ մի պատգամավոր հարցմանը չի պատասխանել։