Քաղաքական

Ե՞րբ կդադարեն Վանեցյանի պատգամավորական լիազորությունները և ո՞վ կփոխարինի նրան ԱԺ-ում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել խորհրդարան։

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 155 հոդվածի համաձայն, պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

Իսկ եթե պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ համարը Մարտուն Գրիգորյանն է, և Վանեցյանի մանդատը նրան է հասնելու։