ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Միաժամանակ, նա հայտարարել է ՀՀԿ-ի հետ դե ֆակտո համագործակցությունը դադարեցնելու մասին. ««Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել՝ շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ՝ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը»։
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը, Radar Armenia-ի հետ զրույցում մեկնաբանելով այս հայտարարությունը, նշեց՝ որոշումը Վանեցյանինն է. «Ստեղծված իրավիճակում յուրաքանչյուր քաղաքական ուժ և ուժի ղեկավար ինքն է որոշում և՛ իր քայլերի արդյունավետությունը, և՛ հետագա անելիքները, և՛ հետագա պայքարի մարտավարությունը։ Չեմ կարծում՝ գնահատական տալու որևէ հարց կա։ Հարգանքով ենք վերաբերվում իր կայացրած որոշմանը»։
Հարցին՝ արդյո՞ք Հանրապետական կուսակցությունում քննարկվում է նաև ՀՀԿ ցուցակով ընտրված պատգամավորների՝ մանդատներից հրաժարվելու հարցը, Սահակյանը բացասական պատասխան տվեց։ Ըստ նրա՝ ՀՀԿ խորհրդում այս պահին նման քննարկում չկա. «Անձամբ ես չեմ կարծում, որ մեր երկիրն այն վիճակում է, որ պառլամենտի այս կազմով հնարավոր է որևէ բան անել։ Այդ մարդիկ ո՛չ ԱԺ-ի արժեքը գիտեն, ո՛չ էլ՝ դերակատարումը։ Ե՛վ ԱԺ-ն, և՛ երկիրը դարձել են մեկ դերակատարի թատրոն։ Մեր երկրի այսօրվա քաղաքական ճգնաժամը և հրապարակի՝ 1,5 ամիս տևող պայքարը ցույց տվեցին, որ ժողովրդի իշխանությունը գտնվում էր այդ հրապարակում, հիմա նաև՝ փողոցում, ոչ թե՝ ԱԺ-ում։ Կարծում եմ՝ պայքարը պետք է շարունակել դրսում»։
Սահակյանի կարծիքով՝ ընդդիմության պառակտվելու հարց չկա. «Երբ Արթուր Վանեցյանը գնաց հրապարակ, հայտարարել էր, որ մինչև վերջ է պայքարելու և չի վերադառնալու ԱԺ։ Եթե այդ համատեքստում ենք դիտարկում, քաղաքական առումով իր որոշումը ճիշտ է։ Պառակտվածության խնդիր չկա, այս պայքարը երկիրը տնտեսապես հզորացնելու, ավելի ժողովրդավար դարձնելու մասին չէ, պայքարը մեր լինել-չլինելու մասին է, ինքնիշխան պետության, Արցախի գոյության հարցն է»։
Մարիամ Սարգսյան