ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասյօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Միաժամանակ, նա հայտարարել է իրենց կուսակցության որոշմամբ «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Radar Armenia-ի հետ զրույցում Վանեցյանի հայտարարությունները մեկնաբանեց որպես ընդդիմության շարքերում տարաձայնությունների դրսևորում. «Սա խոսում է այն մասին, որ ռևանշիստների շարքերում անհամաձայնություններ կան, ես իրենց ընդդիմություն չեմ համարում, իրենց հիմնական նպատակը եղել և մնում է ռևանշը»։
Նրա խոսքով՝ այսօր կա պատմական մարտահրավեր՝ հաստատել Հայաստանի ինքնիշխանությունը, պետությունը կառուցել որպես ժողովրդավարական՝ իրեն բնորոշ բոլոր պարագաներով. «Մենք, որպես հանրություն, նման պետական համակարգի պատմական անցյալ չունենք, և խնդիրը շատերի կողմից անհրաժեշտ խորությամբ չի քննարկվում։ Բազմաթիվ հարցեր ստորադասում ենք բուն պետության կայացմանը։ Խոսքն արժեքային համակարգի մասին է, և ես խորին համոզմունք ունեմ, որ ռևանշիստների ճամբարում այդ արժեքային համակարգը կրող մարդիկ գրեթե չկան, նրանց համար դա ձև է։ Քաղաքական կյանքում նրանց մասնակցության դրդապատճառներն այլ են։ Արթուր Վանեցյանը նման արժեքային համակարգ կրող չէ, և ոչ միայն ինքը. բացառությամբ 1-2 հոգու՝ ռևանշիստների ճամբարում այդ համակարգը կրողներ չկան»։
Ըստ Խաչատրյանի՝ 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական սերնդափոխություն, և շատ կարևոր է այդ սերնդափոխությունն ընկալել ոչ միայն տարիքի, այլև՝ արժեքային համակարգի առումով. «Եթե մարդն ասում է՝ «ես կադրային չեկիստ եմ», դժվար է նման մարդուց սպասել այդպիսի արժեքային համակարգի հետապնդում իր գործունեության ընթացքում»։
Պատգամավորը նշեց նաև, թե «Դիմադրություն» շարժման գործունեությունն ի սկզբանե դատապարտված էր տապալման. «Նրանք չեն սպասարկում պետականության ու հանրության բարօրությանը նպաստող շահեր, սպասարկում են խմբային շահեր, չի բացառվում՝ դրսից թելադրվող քայլեր են անում, ինքնուրույն ազգային ուժեր չեն՝ բովանդակային առումով։ Նման մարդկանցից ամեն ինչ սպասելի է, կարող են միավորվել, անջատվել։ Ինձ քիչ են հետաքրքրում ռևանշիստների ճամբարում տեղի ունեցող վայրիվերումները։ Քաղաքական մրցակցությունում ռևանշիստները տեղ չունեն»։