Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն է հրապարակել։
Այսօր ասուլիսում նա տեղեկացրեց, որ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։
Ըստ Վարդազարյանի՝ 2021թ. փետրվարին Ռուբեն Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից, ինչին ի պատասխան վերջինս ժամկետ է խնդրել, ապա պետք է անձամբ հանդիպի Փաշինյանի հետ և նա պետք է իրեն ասի՝ հրաժարականի մասին։
Հրապարակված ձայնագրության մեջ Վարդազարյանի հարցին, թե Ջհանգիրյանի ինչի՞ն է պետք այս ամեն ինչը, վերջինս պատասխանել է․ «Ես չեմ ուզում Քոչարյան Ռոբերտը հետ գա, հազիվ էդ կլանից պրծել ենք։ Եթե ես իմանամ՝ Վանեցյանն է գալու, Ղազինյան Արթուրն է գալու, կգնամ իրանց կողքին կկանգնեմ, բայց ես գիտեմ՝ որ նա է գալու ու դաշնակները։ Սերժն էլ չի գալու, լավ իմացիր»։