2021-ի հունիսի 20-ին կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Արդյո՞ք լուծվել են խնդիրները, որոնց պատճառով անցկացվեցին ԱԺ արտահերթ ընտրությունները. այս մասին Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։
- Պրն Ստեփանյան, ի՞նչ է փոխվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Ներքաղաքական և ետպատերազմական ճգնաժամերը հաղթահարվե՞լ են, ի՞նչ պատկեր ունենք 1 տարի անց։
- Ներքաղաքական ճգնաժամ ես չէի տեսնում 1 տարի առաջ, չեմ տեսնում նաև այսօր։ Հիմնավորումը պարզ է՝ որպեսզի երկրում լինի ներքաղաքական ճգնաժամ, պետք է լինի որոշակի կրիտիկական զանգված փողոցում, որը դժգոհ է կառավարությունից և պահանջում է նրա հրաժարականը։ Այդ զանգվածը փողոցում չկա, չի եղել մեկ տարի առաջ։ Ուղղակի նախկիններից երկու քաղաքական ուժ կա, որ դժգոհ են, և որոնց միակ նպատակն է իշխանության վերադառնալը։ Թե ինչ է լինելու դրանից հետո, նրանք չեն հնչեցնում։ Դա բոլորովին չի նշանակում, որ հասարակությունում գործող իշխանությունից դժգոհություն չկա։ Դժգոհություններ միանշանակ կան՝ տարբեր ուղղություններով, բայց դա չի նշանակում, որ մարդիկ դուրս են գալիս փողոց։ Դուրս չեն գալիս, որովհետև նախկինների մեջ գործող իշխանությանն այլընտրանք չեն տեսնում։ Ետպատերազմական ճգնաժամը չի հաղթահարվել, հասարակությունը ճնշված վիճակից դեռ դուրս չի եկել, երկար ժամանակ է պետք։
- Թեև պնդում եք, որ քաղաքական ճգնաժամ ո՛չ մեկ տարի առաջ, ո՛չ այսօր չեք տեսել, սակայն Ձեր նշած ընդդիմությունը պարբերաբար հայտարարում է, որ այսօր էլ երկրում ներքաղաքական ճգնաժամ է, որը պետք է հաղթահարվի գործող իշխանության հեռացմամբ։ Այս հակասության լուծումն ինչպե՞ս պետք է լինի։
- Նորագույն Հայաստանում՝ 1996-ի ընտրություններից հետո, ընդդիմությունը մշտապես պնդել է, որ Հայաստանում առկա է ներքաղաքական ճգնաժամ։ Սա նոր երևույթ չէ։ Յուրաքանչյուր ընտրությունից հետո ընդդիմությունը չէր համաձայնում դրա արդյունքների հետ և ուներ դրա բոլոր հիմքերը, հայտարարում էր, որ ընտրությունները կեղծված են, դուրս էր գալիս փողոց։ Բայց ո՛չ 2018-ի, ո՛չ 2021-ի ընտրությունները չեն կեղծվել, ինչը փաստ է։ Նույն ընդդիմությունը ճանաչել է արդյունքները՝ հայտնվելով ԱԺ-ում։ Եթե ընտրությունները չեն կեղծվել, ի՞նչ է նշանակում ներքաղաքական ճգնաժամ։ Հայտարարելը շատ քիչ է։
Երկրում կան բազմաթիվ խնդիրներ, կա հասարակության արդարացված դժգոհություն, բայց որպեսզի երկրում լինի ներքաղաքական ճգնաժամ, այդ ուժերը, որոնք դուրս են եկել փողոց, երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ կրիտիկական զանգված հավաքել, կա՛մ ԱԺ-ում տոկոսային հարաբերությամբ այնպիսի ներկայություն ունենալ, որը թույլ կտա՝ տապալել իշխանության քվեարկությունները և թույլ չտալ, որ իշխանությունը կառավարի երկիրը։ Այդ երկու հնարավորություններից էլ ընդդիմությունը զրկված է։
Այն, ինչ ասում է ընդդիմությունը, չեմ ընդունում, բայց որ լուծում պահանջող խնդիրներ կան, փաստ է։ Իշխող ուժը պետք է մոռանա փողոցի, Քոչարյանի և Սարգսյանի մասին և կենտրոնանա խնդիրների լուծման վրա։ Եթե գործող ուժն ուզում է պահել իշխանությունը, պետք է սկսի խնդիրներին լուծում տալ։
- Արդյո՞ք քաղաքական գործընթացները կարող են զարգանալ այնպես, որ հաջորդ ընտրությունները ևս արտահերթ լինեն։
- Ես այդպիսի հիմք չեմ տեսնում։ Ավելին, 2021-ին էլ չկար, ուղղակի գործող ուժը, լավ հաշվարկելով՝ ինչ արդյունքներ են լինելու, գնաց այդ ճանապարհով, որպեսզի պարոնայք Քոչարյանի և Սարգսյանի բերանները փակի։ Դա չստացվեց, և ես չեմ կարծում, որ իշխանությունը նորից կգնա այդ ճանապարհով։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններն անիմաստ քայլ էին և պետական միջոցների վատնում։ Դա չի նշանակում, որ մեր կառավարությունը լավն է, դա վկայում է, որ ընդդիմությունն է շատ վատը։
Մարիամ Սարգսյան