ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին մանդատներից և վարչական պաշտոններից զրկելու հարցը: Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ:
- Պրն Հակոբյան, Ձեր ընդդիմադիր գործընկերներին մանդատներից զրկելու վերաբերյալ քննարկումներն ի՞նչ փուլում են. որոշում կա՞։
- Քննարկումների արդյունքները դեռ որոշակի չեն, բայց մենք վճռական ենք մեր որոշումներում, և կարծում եմ՝ ցանկացած քաղաքական ուժ և ցանկացած գործիչ պետք է պատասխանատվություն կրի իր արարքների համար։ Մեր ընդդիմադիր գործընկերները, արդեն մի քանի ամիս է, չեն կատարում Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները և չեն ծառայում քաղաքացիներին, այդ իսկ պատճառով մենք միանշանակ պետք է գործողություններ ձեռնարկենք, որպեսզի որոշ բախտախնդիրներ սթափվեն և հասկանան՝ ինչի համար են իրենց տրված այդ մանդատները։
- Շարունակու՞մ եք քննարկել նաև վարչական պաշտոններից զրկելու հարցը։ Ժամկետներ կա՞ն՝ երբ կկայացնեք որոշում։
- ԱԺ-ում պաշտոնների որոշ մասը պարտադիր պետք է զբաղեցնեն ընդդիմության ներկայացուցիչները։ Մենք, որպես ժողովրդավարական ուժ, հետևել ենք այդ գործելաոճին, և մեր ընդդիմադիր գործընկերները ՔՊ խմբակցության քվեով են դարձել հանձնաժողովների նախագահներ և ԱԺ փոխնախագահ։ Նրանք ևս չեն իրականացնում ԱԺ կանոնադրությամբ սահմանված լիազորությունները։ Այս դեպքում ևս մենք պետք է գործողությունների դիմենք։ Ես չեմ կարող ասել՝ այդ գործողությունները երբ կլինեն և ինչ փաթեթավորմամբ, բայց միանշանակ է, որ պետք է ինչ-որ բան անել։
- Մանդատներից զրկելու քննարկումները հիմնավորում եք պատգամավորների բացակայություններով։ Վարչական պաշտոններից զրկելու համար և՞ս բացակայություններն են հիմնավորումը։ Այլ հիմքեր կա՞ն։
- Ես այդ հարցին հիմա կոնկրետ չեմ պատասխանի, քաղաքական հարթակ է, քաղաքական որոշումներ են կայացնում։ Մենք, որպես խմբակցություն, պետք է հետևենք այն որոշումներին, որոնք ինքներս ենք կայացնում։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ հիմքեր կլինեն, և այդ հիմքերով ինչպես կառաջնորդվենք։
- Կարծիք կա, թե ընդդիմադիրներին մանդատներից զրկելը կարող է բացասաբար ազդել ժողովրդավարական պատկերի վրա։ Դուք նման ռիսկեր տեսնու՞մ եք։
- Ընդհակառակն։ Մենք օժտված ենք ժողովրդի քվեով և պետք է անենք ամեն ինչ, որ ԱԺ-ն ծառայի քաղաքացիներին, ոչ թե լինի որոշ թալանչիների՝ սեփական թալանը պաշտպանելու միջոց՝ ժողովրդի քվեի հաշվին։
Մարիամ Սարգսյան