Հունիսի 18-ին Դիլիջանում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը։ Հայ-վրացական հարաբերությունների զարգացման շուրջ Radar Armenia-ն զրուցել է վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանի հետ։
- Օրերս Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետը։ Բարձրաստիճան ինտենսիվ շփումները հայ-վրացական հարաբերություններում ի՞նչ զարգացումներ կստանան։
- Շատ կարևոր է ֆիքսել, որ երկու երկրները վերջին շրջանում մեծ տեղ են տալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, և նախորդիվ մյուս գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները Վրաստանի կոլեգաների հետ, նախագահի այցելությունը, հիմա էլ՝ վարչապետի մակարդակով հանդիպումները մշտապես թարմ են պահում հարաբերությունները։ Տարվա կեսին ենք արդեն հասել, և որոշ աշխատանքներ արդեն կարող են կատարվել։ Այս հանդիպումը դրական էր նաև այն առումով, որ առաջիկայում շահագործման կհանձնվի «Բարեկամություն» կամուրջը, իսկ ամառվա ամիսները շատ կարևոր են Հայաստանի համար՝ գյուղմթերքի արտահանման առումով։ Հանդիպումները, կլինեն աշխատանքային, ճանաչողական և այլն, դրանք կարևոր են մեզ հուզող հարցերը բարձրաձայնելու և խնդիրները լուծելու համար։ Այս պահին մենք ունենք գյուղմթերքը ճիշտ ժամանակին իրացնելու հարց, ու ցանկացած հանդիպման ընթացքում նման հարցերը քննարկվում են։
- Որո՞նք են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերը:
- Ավանդաբար, տնտեսական հարցերն են։ Վերջին շրջանում խոսվում է նաև ենթակառուցվածքների, էներգետիկ ոլորտի մասին։ Մշտապես նշվել է մշակութային ոլորտը, փոխհարաբերությունները սոցիալ-տնտեսական ոլորտում, բայց հիմնական բաժինը տնտեսականն է։
- Ինչո՞վ է պայմանավորված այս շրջանում հայ-վրացական հարաբերությունների ինտենսիվությունը։
- Մանավանդ պատերազմից հետո երկու երկրները ավելի մեծ ուշադրություն են դարձնում հարաբերությունների պահպանման վրա։ Այս առումով շատ կարևորում ենք տարածաշրջանում մեր բարեկամ երկրների հետ ունեցած հարաբերությունները, ու շատ կարևոր է նաև, որ այդ հարաբերությունները նաև գործնական ու արդյունավետ լինեն։ Վերջին շրջանում խոսակցություններ կան, որ միգուցե բարիդրացիական հարաբերությունները հնարավոր լինի մեկ մակարդակ վերև բարձրացնել և ունենալ ռազմավարական հարաբերություններ Վրաստանի հետ։ Դրան, իհարկե, դեռ շատ կա, բայց, կարծում եմ, աստիճանաբար կարող ենք հասնել ռազմավարական հարաբերություններ հաստատելուն։
Անուշ Մկրտչյան