Վերջին շրջանում հաճախակիացել են ինքնասպանության փորձերն ու դեպքերը։ Միայն հունիսի առաջին 20 օրերին ԱԻՆ-ը ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի 29 ահազանգ է ստացել, որից 12-ը՝ նախորդ շաբաթվա ընթացքում։ Ինքնասպանության վերջին դեպքը եղել է այսօր. Նոր Հաճն քաղաքի կամրջից 26-ամյա քաղաքացի է նետվել:
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019-ին Հայաստանում ինքնասպան է եղել 153 անձ, 2020թ. այդ թիվն աճել է՝ 183, իսկ 2021-ին 191 դեպք է արձանագրվել։
Ըստ հոգեբան Ժենյա Վարդանյանի՝ ինքնասպանության և ինքնասպանության փորձերի թվի աճին նպաստում են վերջին շրջանում ներքաղաքական և արտաքին քաղաքական լարված իրավիճակը, կորոնավիրուսի պատճառած ստրեսներն ու պատերազմի հետևանքները։
Radar Armenia-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց. «Վերջին տարիները լարված փորձություններով շրջան էր, իրավիճակը նաև դրանով է բացատրելի։ Ավելի շատ պետք է լուսաբանվի՝ ինչպես հաղթահարել ստրեսային իրավիճակները, պետք է բարձրացվի հասարակության տեղեկացվածության աստիճանը։ Ետպատերազմական ստրեսների հաղթահարման համար պետք է ավելի շատ աջակցություն ցուցաբերել դրա կարիքն ունեցողներին, հատկապես՝ զոհվածների ընտանիքներին, վիրավորներին։ Հանրահավաքները, քաղաքական ակցիաները նույնպես ազդում են հասարակության կենսակերպի, տրամադրության վրա, ինչը ծայրահեղ քայլերի մասին մտածելու ևս մեկ պատճառ է»։
Ինչ վերաբերում է վիճակագրական այն տվյալներին, որ ինքնասպանության փորձեր ավելի հաճախ անում են տղամարդիկ, հոգեբանն ասաց, որ դա պայմանավորված է առաջին հերթին պատերազմին նրանց մասնակցությամբ։ «Տղամարդիկ նախընտրում են ստրեսային իրավիճակները իրենց ներսում հաղթահարել, կանայք ավելի շատ են ձգտում խոսել դրա մասին, ինչով էլ պայմանավորված՝ տղամարդկանց ինքնասպանության փորձերն ավելի շատ են։ Ամեն դեպքում, ինքնասպանություն գործող անձը միշտ ներքին հավատ է ունենում, որ իրեն կփրկեն»։
Մարիամ Սարգսյան