Քաղաքական

Ի՞նչ ժամկետներում է տեղի ունենալու ՀՀ գլխավոր դատախազի ընտրությունը

Այս տարվա սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը. նրան խորհրդարանն այդ պաշտոնում ընտրել էր 2016թ.-ին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել Աննա Վարդապետյանի թեկնածությունը։

Radar Armenia-ն փորձել է պարզել, թե ինչ ժամկետներում կանցկացվի ՀՀ գլխավոր դատախազի ընտրությունը։ Եվ այսպես, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ գլխավոր դատախազի թեկնածուն կարող է առաջադրվել լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան ութսուն օր առաջ՝ պաշտոնը թափուր մնալուց հետո տասնօրյա ժամկետում: Այսինքն, խմբակցությունները գլխավոր դատախազի թեկնածու պետք է առաջադրեն հունիսի 16-29-ը։

Իսկ դատախազի ընտրությունն անցկացվում է լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ օր առաջ, այսինքն՝ մինչև սեպտեմբերի 15-ը։

Գլխավոր դատախազը, ՀՀ ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ, գաղտնի քվեարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ 64 պատգամավոր։ Ընտրվում է վեց տարի ժամկետով։ 

Եթե գլխավոր դատախազը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը մանրամասնեց. «Չի բացառվում, որ թեկնածուն կարող է չընտրվել, այդ պատճառով խորհրդարանը ձգտում է այնպես անել, որ առաջադրելու ժամանակը չմոտենա գործող պաշտոնյայի լիազորությունների ավարտի ժամկետին, որպեսզի հնարավոր լինի նոր թեկնածու առաջադրել և նորից ընտրություն կազմակերպել»։

Նշենք, որ գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու կարող են առաջադրել ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունները։