Քաղաքական

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հանրային պահանջ կա

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին մանդատներից և վարչական պաշտոններից զրկելու հարցը: Ընդդիմադիրները չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից՝ պնդելով, թե դրանք իրենց պայքարի գործիքներից են: Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ:

- Պարո՛ն Հովհաննիսյան, ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ քննարկումներն ի՞նչ փուլում են:
- Նախ պետք է արձանագրել, որ այդ քննարկումները խմբակցությունում սկսվել են՝ ելնելով մեր քաղաքացիների հանրային պահանջից, որովհետև բազմաթիվ բողոքներ ենք ստանում քաղաքացիներից առ այն, թե ինչու պատգամավորներն իրենց մանդատներով չեն սպասարկում հանրային շահը, չեն իրականացում իրենց մանդատից բխող պարտականությունները, ավելին՝ մանդատներն օգտագործում են՝ սանձարձակություններ, խուլիգանություններ կազմակերպելու, շենքեր ներխուժելու համար: Բնականաբար, մենք չենք կարող ականջալուր չլինել այս դժգոհություններին և մենք էլ ենք այս կարծիքին:  Հանրային դժգոհություններից բացի, կա  նաև օրենքի պահանջ, որը հստակ ամրագրում է բացակայությունների այն թիվը, որից հետո առաջանում է նման խնդիր:

- Ի՞նչ կարծիքներ կան պատգամավորներին վարչական պաշտոններից զրկելու վերաբերյալ:
- Հանձնաժողովի նախագահներն ունեն հստակ պարտականություններ՝ կազմակերպելու հանձնաժողովի նիստեր: Նման պարտականություններ ունեն նաև հանձնաժողովների փորձագետները: Ընդդիմադիր պատգամավորների նախագահած հանձնաժողովների փարձագետներն էլ հավասարապես չեն իրականացնում այն լիազորությունները, որոնք բխում են նրանց պաշտոններից և հաստիքներից: Սա էլ է լուրջ հարց, որովհետև, օրինակ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկար ժամանակ է՝ հանձնաժողովի նախագահ դարձած Վահե Հակոբյանը որևէ կերպ չի իրականացնում իր լիազորությունները, և «Քաղաքացիական պայմանագրից» ներկայացված Բաբկեն Թունյանն է ամբողջապես իրականացնում հանձնաժողովի նախագահի լիազորությունները՝ չունենալով այն արտոնությունները, որոնք տրվում են հանձնաժողովի նախագահին: Այստեղ աշխատանքային ակնհայտ խախտում կա: Խմբակցության շրջանում տարբեր քննարկումներ կան, բայց որոշման մասին հիմա խոսել չենք կարող: Մանդատներից զրկելու թեմային անդրադառնալու համար հստակ ժամկետներ կան, իսկ վարչական պաշտոններից զրկելը նախագիծ ներկայացնելու ընթացակարգով է կազմակերպվում: Այս հարցն էլ ենք քննարկում, առաջիկայում որոշման մասին կհայտնեք:

- Հնարավո՞ր է՝ որոշեք վարչական պաշտոններից զրկելու նախագծով հանդես գալ, սակայն մանդատներից զրկելու գործընթաց չնախաձեռնեք:
- Հիմա հենց այդ հարցն է քննարկվում: Ամենատարբեր սցենարներն են քննարկվում՝ ելնելով որոշման արդյունավետությունից և իմաստից:

- Մանդատներից զրկելը ժողովրդավարական պատկերի վրա բացասական ազդեցություն չի՞ կարող ունենալ:
- Չեմ կարծում՝ ժողովրդավարության տեսանկյունից կարող է խնդիր առաջանալ, եթե որոշումը հիմնավոր լինի: Մենք գործ ունենք պատգամավորների հետ, որոնք չեն իրականացնում իրենց լիազորությունները, հետևաբար հարց է առաջանում՝ արդյո՞ք այս պահին նրանք չեն վնասում մեր երկրի ժողովրդավարությանը:

Մարիամ Սարգսյան