Քաղաքական

Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ ժողովրդավարական զարգացմանը ԵԽ ցուցաբերած աջակցությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ ասուլիսում Միրզոյանը նշել է. «Վստահ ենք, որ կշարունակենք կազմակերպության հետ արդյունավետ փոխգործակցությունը:

Այս համատեքստում ցանկանում եմ նաև երախտագիտությունս հայտնել ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների կողմից ունեցած նպաստի կապակցությամբ՝ Հայաստանում ազատ և մրցակցային ընտրությունների անցկացման գործում, և ընդգծել, որ 2018 թվականի և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում Եվրոպայի խորհրդի կողմից ճանաչվել են ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխանող»:

ԱԳ նախարարը շեշտել է, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևոր գործիք է կազմակերպության կողմից Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագիրը. «Ծրագրային համագործակցության այս ձևաչափը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի կառավարության մի շարք ռազմավարական ծրագրերի արդյունավետ իրականացման, թե՛ ընդհանուր առմամբ Եվրոպայի խորհրդի շրջանակում մեր ստանձնած պարտավորությունների կատարման համար»: