Կառավարությունն որոշեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին 268,5 մլն դրամ հատկացնել:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ դրանք վերաբերում են 18 բնակավայրերի 20 սուբվենցիոն ծրագրեր. «Այս ծրագրերը բոլորը ավարտված են, կառավարությունն իր պարտականությունն է կատարում՝ շինարարներին վճարելով: Այսպիսով, մինչեւ այս պահը, 2022-ի հունվարից սկսած 229 ծրագրի համար 5,6 մլրդ դրամ տրամադրել էինք, եւս 20 ծրագրի համար այսօր ենք տրամադրում: Ընդհանուր, այս տարի 249 ծրագիր ավարտում ենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե ինչ ծրագրեր են իրականացվել սուբվենցիոն այս 20 ծրագրերով։ Նա խոսեց նաեւ Արարատի մարզ իր կատարած այցելության մասին՝ նշելով. «Արարատի մարզում ծավալուն աշխատանքներ են իրականացվում: Այն ինչ տեսանք, շատ ուրախալի է, որ այդ աշխատանքները պատշաճ որակով իրականացվում են: Օրինակ,գյուղական բնակավայրերում տեսնում ենք բոլորովին նոր որակի ճանապարհների, ջրագծերի կառուցում, ինչը շատ կարեւոր է մթնոլորտի փոփոխության առումով: Դրական լիցքերով ենք վերադարձել Արարատի մարզից: Պլանավորում ենք նման այցեր կատարել նաեւ այլ մարզեր: Պետք է բոլոր մարզերով անցնենք, ծանոթանանք ծրագրերին:
Ես տեսնում եմ, որ մարդիկ մեր ասելիքին ավելի ու ավելի հաղորդակից են դառնում: Մասնավորապես, գյուղոլորտում մեր իրականացվող ծրագրերի նկատմամբ տեղեկացվածությունը մի փոքր ավելացել է, բայց շատ ավելի ավելացել է ըմբռնումը:
Նոր գաղափար առաջացավ, որ սուբվենցիոն ծրագրերում ներառենք նաեւ կաթիլային ոռոգման համար անհրաժեշտ համայնքային ավազանների կառուցումը: Այդ դեպքում պարարտանյութը նաեւ ջրի միջոցով է հասնում հողին, ինչը բրում է նաեւ պարարտանյութի խնայողության»: