Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
Radar Armenia-ն փորձել է պարզել, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն։
Եվ այսպես, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։
ԱԺ Կանոնակարգ օրենքում էլ մանրամասնած է, որ դատախազի թեկնածուներին առաջադրում են խորհրդարանական խմբակցությունները։ Թեկնածու առաջադրելու որոշմանը կից փաստաթղթերի թվում խմբակցությունը պետք է ներկայացնի նաև թեկնածուի լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը: «Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը որոշումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը` նշելով պատճառների մասին: Սահմանադրության և օրենքի պահանջները բավարարելու դեպքում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր դատախազի թեկնածուի բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով»,- մանրամասնած է ԱԺ կանոնակարգ օրենքի 145-րդ հոդվածում: