Քաղաքական

Նատալյա Ռոտենբերգը կհրաժարվի՞ ՌԴ քաղաքացիությունից

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքացյանը երեկ հայտարարել է, թե իր կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, մտադիր է առաջադրվել Երևանի քաղաքապետի թեկնածու։

Սակայն Radar Armenia-ն պարզել է, որ Նատալյա Ռոտենբերգի թեկնածությունը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին։ Մասնավորապես, նա միաժամանակ և Հայաստանի, և Ռուսաստանի քաղաքացի է։ Մինչդեռ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ Երևանի քաղաքապետ կարող է ընտրվել ՀՀ քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:

Radar Armenia-ի հետ զրույցում Արզաքանցյանը նշեց, թե այդ բոլոր հարցերն ուսումնասիրում են իրենց իրավաբանները. «Եթե ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը կխոչընդոտի, կինս իր անձնական որոշումը կկայացնի՝ հրաժարվե՞լ ՌԴ քաղաքացիությունից, թե՞ ոչ, այս պահին իրավաբաններն ուսումնասիրում են։ Մինչև պաշտոնական առաջադրումը՝ կհասկանանք»։

Մինչ այդ, հիշեցնենք, Տիգրան Արզաքանցյանն էլ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններին էր առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, սակայն նրա գրանցումն անվավեր ճանաչվեց։ Արզաքանցյանը չէր կարողացել ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում, ըստ այդմ՝ համապատասխանում է օրենսդրությամբ սահմանված չափանիշներին։ Դրանից հետո հարուցվեց քրեական գործ, և դատարանի՝ մարտի 17-ի դատավճռով Արզաքանցյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) նախատեսված հանցանք կատարելու մեջ։ Նրա նկատմամբ նշանակվեց պատիժ՝ 350.000 ՀՀ դրամի չափով տուգանք: