Քաղաքական

«Ալիևը հայերի իրավունքների մասին «մտահոգվելու» փոխարեն թող մտածի իր լիազորությունների բարեխիղճ կատարման մասին»․ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական կեղծ հայտարարություններին Արցախի վերաբերյալ:

«Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, և դա միջազգային իրավունքի սուբյեկտ է, թեև պաշտոնապես միջազգայնորեն ճանաչված չէ:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել և չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը հաշվի չի առել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման անկոտրում իրավունքը։

Ավելի լավ կլինի, որ Ալիևն ավելի շատ մտածի Ադրբեջանի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների բարեխիղճ կատարման մասին՝ երաշխավորելով սեփական քաղաքացիների (այդ թվում ՝ լեզգիների, թալիշների, ավարների, թաթարների և այլ փոքրամասնությունների) իրավունքների ապահովումը՝ հայերի իրավունքների մասին «մտահոգվելու» փոխարեն։

Միգուցե Ալիևը հանկարծ հիշի, թե ինչ է տեղի ունեցել Խորհրդային Ադրբեջանում ավելի քան  500 000 հայերի հետ, թե Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում կա՞  թեկուզ մեկ հայ»,- Տելեգրամի իր էջում գրել է Բեգլարյանը: