«Հունիսի 16-ին հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, ով ժամանել է Երևան ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով»․ ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հանդիպմանը վստահություն եմ հայտնել, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության շրջանակը ընդլայնելու համար կան բոլոր անհրաժեշտ հնարավորությունները և նախադրյալները: Երկկողմ համագործակցության շրջանակներում քննարկել ենք անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նիկոլայ Պատրուշևը շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական կարևոր գործընկեր պետություն է և Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում։ Ռուս գործընկերոջս ներկայացրել եմ տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների ընթացքը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասված է հաղորդագրությունում։