Քաղաքական

Ընդդիմությանը մանդատները պետք են՝ անձեռնմխելիությունից օգտվելու համար

Ինչպես հայտնի է, «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից հեռացրել է վրանները՝ դադարեցնելով շուրջօրյա բողոքի գործողությունները։ Ընդդիմադիրները, սակայն, պնդում են, որ շարունակելու են պայքարը՝ օգտագործելով նաև խորհրդարանական գործիքները։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։

- Ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են, որ մանդատները համարում են պայքարի ևս մեկ գործիք, ինչի պատճառով էլ դրանցից չեն պատրաստվում հրաժարվել։ Ձեր կարծիքով՝ այս պնդումը հիմնավո՞ր է։

- Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պնդում եմ, որ նրանց շարժումն աղերս անգամ չունի Արցախի և հայրենիքի փրկության հետ, այլ իրենց և իրենց ղեկավարների՝ տարիներ շարունակ կուտակած հարստության պաշտպանության շարժում է։ Նորություն ասած չեմ լինի, որ դրա ապացույցն է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը ՍԴ-ում վիճարկելը։ Մանդատներն իրենց պետք են, որ օգտվեն անձեռնմխելիությունից։ Ես կարծում եմ՝ ինչ մեթոդ էլ ընտրեն, խորհրդարանում ո՛չ ասելիք ունեն, ո՛չ անելիք, շարունակում են իրենց մաշեցման գործընթացը։

- Ընդդիմադիր պատգամավորները նշում են, որ մանդատները պահելը հնարավորություն կտա օգոստոսից ևս մեկ գործիք ունենալ՝ իմպիչմենտի հնարավորությունը։ Սա որքանո՞վ կարող է արդյունավետ գործիք լինել ԱԺ ընդդիմության համար։

- Այս գործընթացն ամբողջովին ապարդյուն է, որովհետև քաղաքական մեծամասնությունն, ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, շարունակում է վարչապետի միակ թեկնածու տեսնել Նիկոլ Փաշինյանին։

- «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները պնդում են, որ թեև չեն կարողացել հասնել վերջնական նպատակին՝ իշխանության հեռացմանը, բայց հաջողություններ են գրանցել՝ շարժումն ազդեցություն է ունեցել իշխանության տարբեր որոշումների վրա։

- Իրենց միակ ռեալ «ձեռքբերումը» իրենց 250 հզ-անոց ընտրազանգվածից 2 հզ-ին փողոց հանելն էր ու շարժումն ավարտելը։ Ես խորհրդարանական աշխատանքները պատկերացնում եմ զուտ գործնական մակարդակում։ Եթե նրանք ի նպաստ ՀՀ-ի ասելիք, անելիք ունենան, պատրաստ եմ համագործակցել, բայց այսքան ժամանակ միայն տեսնում եմ, թե ինչպես են վնասում ՀՀ շահերը։

Մարիամ Սարգսյան