Քաղաքական

Թունավորել են երիտդաշնակցականների հոգիները, ստերով լցրել ուղեղները

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն օրերս աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների, գործարար շրջանակների հետ։ Լոս Անջելեսում հանդիպումներից մեկի ընթացքում նաև միջադեպ է գրանցվել. մի խումբ երիտասարդ ՀՅԴ-ականներ Սինանյանին դիմավորել են վանկարկումներով։ Radar Armenia-ն Սինանյանի հետ զրուցել է աշխատանքային այցի արդյունքերի և միջադեպի մասին։

- Պրն Սինանյան, ԱՄՆ կատարած այցի ընթացքում ի՞նչ հանդիպումներ եք ունեցել, ի՞նչ արդյունքներ են գրանցվել։

- Այս այցի նպատակը համայնքի տարբեր կառույցների և անհատների հետ հանդիպումներ անցկացնելն էր։ Տարբեր նահանգներ ենք այցելել, որի ընթացքում հանդիպումներ եղան տեղական կառույցներում, մանկապարտեզներում, դպրոցներում, գործարար շրջանակների, կրոնական կառույցների ներկայացուցիչների հետ։ Այցը որակում եմ շատ դրական։

- Ձեր այցի ընթացքում նաև միջադեպ եղավ։ Հանդիպումներից մեկի ընթացքում Ձեզ դիմավորեցին տարբեր վանկարկումներով։ Ի՞նչ էին Ձեզնից պահանջում։

- Այո, հանդիպումներից մեկից առաջ մի խումբ երիտդաշնակցականներ եկել էին իրենք իրենց բավարարելու համար, որ լավ զգան, որ կարողացել են ինչ-որ կերպ վնասել Հայաստանին ու նրա կառավարությանը։ Եկան, մանր խուլիգանություն, վանկարկումներ արեցին, նաև՝ հարձակումներ եղան մասնակիցների վրա։ Ընդհուպ, 75-ամյա կնոջ վրա են թքել։ Մարդկային և բարոյական բոլոր արժեքների դեմ վարք էր և խուլիգանություն։ Հետո, իհարկե, դուրս մղվեցին սենյակից, ոստիկանությունը հեռացրեց։ Հանդիպումը շարունակվեց մեծ հաջողությամբ։

- Իրավական որևէ գործընթաց եղե՞լ է միջադեպի կապակցությամբ։

- Իրենք ձախողվել են, նաև չենք ուզում հայ երիտասարդների դեմ քրեական գործեր հարուցել։ Նման միջադեպեր սփյուռքում ՀՀ տարբեր պաշտոնյաների նկատմամբ վերջին ամիսներին անընդհատ են լինում, և չեմ բացառում, որ մի օր դա ունենա նաև իրավական հետևանք։

- Այսինքն՝ այցը խափանելու փորձը չի՞ ստացվել։

- Իհարկե, չի ստացվել։ Ամեն մի նման ամբարտավան և անպարկեշտ գործողություն, որ իրենք անցկացնում են, ունենում է շատ մեծ հետևանք։ Մարդիկ ավելի ու ավելի գարշելի են համարում իրենց գործելաոճը, և իրենք պարզապես ձեռք են բերում մեծաքանակ նորանոր հակառակորդներ։

- Ձեր այցի ընթացքում և այդ միջադեպին հաջորդող օրերին հրապարակումներ եղան, թե գործարար շրջանակների հետ հանդիպումներում Ձեզ անգամ Ձեր մտերիմներն են ասել, որ ՀՀ-ում ներդրում չեն կատարի, քանի դեռ գործող իշխանությունը չի հեռացել։ Եղե՞լ է նման բան։

- Դա բացարձակ սուտ է։ Այդպիսի ստերի վրա են կառուցում իրենց բոլոր գործողությունները, ինչի արդյունքում ունենում են ձախողում՝ ձախողման հետևից, թե՛ Երևանում, թե՛ դրսում։ Նման բան ոչ ոք չի ասել։ Բացի այդ մի խուլիգանական միջադեպը, որը երկարաժամկետ ազդեցություն չունեցավ, բոլոր հանդիպումներն անցել են հաջող, նույնիսկ, ինչ-որ չափով, դրական՝ այն իմաստով, որ սփյուռքում էլ է այդ կազմակերպությունը նման քայլերով ինքն իրեն օրեցօր թուլացնում, այդ հակապետական քայլերով քայքայում են իրենց արմատները։

- Ընդհանրապես, ներդրումների առումով պատկերն ինչպիսի՞ն է։

- Գործարարները շատ ոգևորված են, ինչքան էլ դա կարող է տարօրինակ թվալ՝ հաշվի առնելով հետպատերազմական հոգեբանական ծանր կացությունը։ Մարդիկ ոգևորված են, ներդրումներ անում են, ունեցել ենք ներդրումներին առնչվող մի շարք ակտուալ քննարկումներ։ Որքան սնանկ պետք է լինի քաղաքականությունը, եթե ստիպված են նման բաներ հորինել։

- Այդ դեպքում, Ձեր կարծիքով, ո՞րն է նման միջադեպեր կազմակերպելու նպատակը, եթե, ինչպես պնդում եք, արդյունք չի ունենում։ 

- Երիտդաշնակցականները երիտասարդներ են, որոնց հոգիները պարզապես թունավորել  են, ստերով լցրել ուղեղները, և նրանց օգտագործում են ինչ-որ հակապետական ակտեր իրագործելու համար։ Ես այդ երիտասարդներին չեմ մեղադրում, նրանք պարզապես մոլորվածներ են, նրանց ղեկավարներն են մեղավոր։ Իսկ ղեկավարները հայ ժողովրդի կողմից արդեն մի քանի անգամ մերժված բանդայի անդամներ են, որոնք տիրացել էին Հայաստանին և 25 տարի երկիրը թուլացրել, որի արդյունքում ունեցանք նաև պատերազմի պարտությունը։

Ինչ վերաբերում է ներդրումների մասին հրապարակումներին, իրենք փորձում են ամեն կերպ ապակայունացնել Հայաստանը, կասեցնել տնտեսական աճը, ստեղծել մի իրավիճակ, որ հնարավոր լինի հեղաշրջում, իշխանափոխություն անել։ Սակայն Հայաստանում չունենալով մինիմալ աջակցություն՝ փորձում են օգտագործել սփյուռքի ռեսուրսը՝ Դաշնակցությունը, որը սփյուռքի շատ փոքր մասին է կառավարում, բայց, այնուամենայնիվ, սփյուռքի ամենակազմակերպված ուժերից մեկն է։ Հետևաբար, փորձում են օգտագործել այդ ռեսուրսը՝ դրսից ՀՀ-ի վրա ճնշում բանեցնելու և ազդելու համար, որը չի հաջողվում։

Մարիամ Սարգսյան