Արդյո՞ք արտախորհրդարանական ուժերը «Դիմադրություն» շարժման մարտավարական փոփոխության անվան տակ Ֆրանսիայի հրապարակը, ըստ այդմ՝ հարթակն, ազատելուց հետո պատրաստվում են լցնել վակուումը։
Radar Armenia-ի հետ զրույցում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ իր կարծիքով՝ շարժումը որևէ հստակ մարտավարություն չունի։ Ըստ նրա՝ շարժումն ամենօրյա ռեժիմով չէր կարողանում սպասարկել այն օրակարգը, որի մասին հայտարարել էր, չկար հասարակական կոնսոլիդացիա, հանրահավաքները սակավամարդ էին, և իրենք ուղղակի որոշել են սակավ ռեսուրսներով որոշակի պարբերականությամբ հավաքներ անել։ Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, վրանները հանելը չի նշանակում, թե այդ ուժերը դուրս են գալիս ասպարեզից։
Քաղաքական գործչի խոսքով՝ աղմուկի մեջ շատ դժվար էր լսելի դարձնել ռացիոնալ խոսքը, ձևավորել որակապես նոր ընդդիմություն. «Ես «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնահերթությունը համարում եմ՝ մի կողմից նպաստել խորհրդարանական ընդդիմության մարգինալացմանը, այն, ինչ մինչև հիմա արել ենք, մյուս կողմից՝ նպաստել այնպիսի ընդդիմության ձևավորմանը, որը պիտի ստիպի կառավարությանը՝ ավելի հաշվետվողական դառնալ։ Պետք է ձգտել այնպիսի բևեռի ստեղծմանը, որն առաջիկա ընտրություններում իրական այլընտրանք դառնա իշխանությանը»։
Դրա համար, ըստ Սուրենյանցի, այսօր կան նախադրյալներ. «Հայաստանն իրական քաղաքական այլընտրանքային բովանդակության կարիք ունի, բայց պետք է մեկընդմիշտ արձանագրենք, որ սրանից հետո պետք է երկրում այնպիսի նախադրյալներ ստեղծվեն, որ իշխանության փոփոխության միակ միջոց համարվեն ընտրությունները։ Կարծում եմ՝ առաջիկայում «Դեմոկրատական այլընտրանքն» ու մյուս կուսակցությունները, որոնք իշխանության ու հին համակարգի մաս չեն կազմում, կոնսուլտացիաներ կսկսեն, և եթե տեղի ունենա կոնսոլիդացիա, տեղի կունենա միայն քաղաքական ընդհանուր ծրագրի և քաղաքական իրադարձությունների վերաբերյալ միասնական գնահատականների հիման վրա»։
ՔՈ կուսակցության ԳՄ անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը նշեց՝ իրենք հիմնավորել են, թե ինչու էր ձախողվելու հարթակի ընդդիմությունը. «Քաղաքականությունը նախ և առաջ մտքի պայքար է։ Եթե այդ միտքը չկա, բովանդակային ասելիք չկա, կառավարող ուժի արածին որևէ այլընտրանք չկա, ապա դուրս գալ և հանուն ինչի՞ պայքարել։ Մենք, որպես պետություն և հանրություն, ունենք լրջագույն մարտահրավերներ, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի փաստաթղթին, գերիների վերադարձին, անվտանգությանը, աշխարհաքաղաքական վայրիվերումներում մեր տեղին ու դերին»։
Ըստ Սահակյանի՝ այդ բոլոր հարցերն անպատասխան են, դրանց պետք է պատասխան տալ, հետո դուրս գալ պայքարի. «Բայց երբ այդ հարցերի պատասխանները լինեն, էլ պայքար էլ չի լինի։ Պատասխաններից հետո քաղաքացիները պարզապես ընտրություն կկատարեն։ Այլընտրանքը հենց այդպես է ձևավորվում, ոչ թե՝ դրսում «կապիկություններ» անելով։ Պետք է, առանց փոխադարձ վիրավորանքների, բարձրաձայնենք այդ հարցերը, միջավայրը շատ կարևոր է։ Ես հասկանում եմ մեր այն գործընկերներին, որոնք ասում են՝ այս ընդդիմությունը պետք է գնա, որ մենք դուրս գանք, որովհետև այն, ինչ անում էին այս ընդդիմադիրները, անհասկանալի աղմուկ էր՝ եթերներով, զլմ-ներով, անընդհատ, և առողջ մտքի համար տեղ չկար. եթե անգամ այն հնչում էր, չէր լսվում։ Հիմա քանի որ այդ աղմուկը չկա, կարելի է լուրջ գործով զբաղվել»:
Մարիամ Սարգսյան