Ինչպես հայտնի է՝ «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից հեռացրել է վրանները՝ դադարեցնելով շուրջօրյա բողոքի գործողությունները։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ։
- Տիկին Դավոյան, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ թեև չեն հասել վարչապետ Փաշինյանի հրաժարականին, բայց ունեցել են նաև հաջողություններ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանգամանքը։
- Երեկվա իրենց հայտարարությունը և գործողությունները՝ վերջ դնել փողոցային պայքարին և անցնել պայքարի այլ ձևաչափի, որևէ կերպ չի համապատասխանում իրենց շարժման նպատակներին և առկա իրավիճակին։ Իրենք պարզապես իրենց անհաջողության համար գտան մի բացատրություն, թե փոխում են մարտավարությունը։ Սկսել էին «Արցախի համար պայքար» ձևակերպմամբ, ավարտում են «իշխանությունների հեռացում» ձևակերպմամբ։ Այդ մարդիկ գիտեն, որ սնանկ են, և ուղղակի հասկացան, որ ոչինչ էլ անել չեն կարող։
Իրենք իրար միջև բազմաթիվ կոնֆլիկտներ և չհասկացվածություններ ունեն, և այդ ամենի արդյունքում պետք է լիներ մի բան՝ հավաքվեին ու լուռ հեռանային։ Բայց քանի որ լուռ հեռանալու հարցում ունեն խնդիրներ, որովհետև ասել են, թե պետք է գնան մինչև վերջ, պետք է հընթացս ինչ-որ բաներ հորինեն, որ արդարացնեն իրենց անհաջողակ լինելն ու քաղաքական դաշտում իրենցից որևէ բան չներկայացնելը։ Որոշեցին հավաքել վրանները և հեռանալ՝ հայտարարելով, թե պայքարի այլ ձև են ընտրում։ Բայց դա սրանից անարդյունավետ է լինելու, որովհետև նրանք որևէ աջակցություն չունեն։ Հետո կասեն՝ այս մարտավարությամբ էլ են որևէ հաջողության հասել, հետո մի այլ բան կմտածեն ու, այդպես, քարշ կտան իրենց ընդդիմադիր գոյությունը քաղաքական դաշտում։
- Ընդդիմության պնդումները, թե այս պայքարով կարողացել են ազդեցություն ունենալ իշխանության տարբեր որոշումների վրա, համապատասխանու՞մ են իրականությանը։
- Իրենք որևէ ազդեցություն չեն ունեցել որևէ գործընթացի վրա։ Իրենք չէին կարող ազդեցություն ունենալ իրենց պահվածքով, բառապաշարով, փողոցային վարքագծով և տարբեր պետական կառույցների վրա իրենց խուլիգանական հարձակումներով։ Չի կարող որևէ ապակառուցողական, խուլիգանական վարքագիծ ցուցաբերող ուժ դրական ազդեցություն ունենալ քաղաքական տարբեր գործընթացների վրա։ Իրենք իրենց արդարացնում են, նաև՝ արդարանում այն մարդկանց առաջ, որոնց համոզել են, թե շուտով հաջողության են հասնելու։ Սա ընդամենը տգեղ, աղքատիկ օրակարգ ունեցող ինչ-որ բողոքի ակցիայի անփառունակ վերջաբան էր, որն այդպես էլ պետք է լիներ։ Մարդիկ, որոնք ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ խնդիրներ ունեն, դուրս են գալիս փողոց ու խոսում վեհ գաղափարներից. վերջը սա պետք է լիներ։ Իրենք հաջողելու որևէ շանս չունեն, քաղաքացիների օրակարգում չկան, որևէ տեղ, որպես քաղաքական գործոն, գոյություն չունեն։
- Ընդդիմադիրները պահում են պատգամավորական մանդատները՝ պնդելով, թե դրանք իրենց պայքարի գործիքներից մեկն են։
- Ես վստահ եմ և ի սկզբանե վստահ եմ եղել, որ նրանցից որևէ մեկն իր մանդատը չի դնելու, որովհետև նրանք պատգամավորական մանդատն օգտագործում են բոլոր հնարավոր միջոցներով՝ ի չարս։ Պատգամավորական մանդատն իրենց պետք է սեփական անձի պաշտպանության համար։ Այդ մարդիկ խորապես «թքած ունեն» ամեն ինչի և բոլորի վրա, իրենց պետք են այդ մանդատները, որ հայտնվեն խորհրդարանում, ուզած պահին խառնակչություն անեն, ուզած պահին դուրս գան փողոց։ Իրենց պատգամավորական մանդատները չեն ծառայում այն առաքելությանը, որն ունեն, չեն ծառայում այն քաղաքացիների շահերին, որոնք իրենց ձայն են տվել։
- Իշխանությունը պարբերաբար հայտարարում է, որ մտածում է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին։ Այս ուղղությամբ գործընթաց սկսվե՞լ է։
- Կան բազմաթիվ քննարկումներ, դրանց վերաբերյալ մանրամասներ չեմ կարող ասել, բայց կա օրենքի հստակ պահանջ բացակայությունների վերաբերյալ, և այդ հարցերը պետք է քննարկվեն։ Իրենք էլ լավ գիտեն, որ իրենց բացակայությունների հարցում խնդիր կա։ Եթե իշխանության պատգամավորներից որևէ մեկն այդքան բացակայություն ունենար, հաստատ պնդելու էին, որ նա չարաշահել է։ Աջուձախ խոսում են խորհրդարանական վերահսկողության մասին, նրանց բացականերին ուշադրություն դարձնելն էլ է խորհրդարանական վերահսկողություն։ Ինչու՞ չպետք է մենք իրականացնենք խորհրդարանական վերահսկողություն, իսկ իրենք, մանդատները շահագործելով, ասեն, թե խորհրդարանական վերահսկողություն են իրականացնում։