Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Ղարաբաղն ընդունել են որպես Ադրբեջանի մաս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2021թ. բյուջեի կատարողականի հաշվետվության եզրափակիչ ելույթում անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության հայտարարություններին՝ ընդգծելով, որ արմատական ընդդիմությունը հատել է բոլոր սահմանները:

Խոսելով ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մասին, Փաշինյանը հիշեցրեց. «Ստիպված եմ հիասթափեցնող լուր հայտնել. բանակցային գործընթացի ողջ ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը, Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս և/կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով»:

Նա խոսեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք ներկայացված «Ընդհանուր պետության», ապա նաև «Մադրիդյան սկզբունքների» մասին, շեշտելով, որ այն ժամանակ Քոչարյանը նախագահն էր, Սերժ Սարգսյանը՝ վարչապետ, ՀՅԴ-ն էլ կառավարության մաս, իշխող թիմի հենարան, հետևաբար համատեղ պատասխանատվություն են կրում. «Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելով Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները Ղարաբաղն ընդունել են որպես Ադրբեջանի մաս և բացառել Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն»։