«Դիմադրություն» շարժումը, հայտարարելով մարտավարական փոփոխությունների մասին, երեկվանից դադարեցրել է շուրջօրյա նստացույցերը, Ֆրանսիայի հրապարակից էլ հեռացվել են վրանները։ Radar Armenia-ն «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանից հետաքրքրվել է՝ կփորձե՞ն զբաղեցնել ընդդիմադիր հարթակը։
- «Դիմադրություն» շարժումն իր գործողություններով ի՞նչ արդյունքներ գրանցեց։
- Ժողովուրդը մեկ անգամ ևս հավաստեց, որ մեր երկրում հանցագործը, «թալանչին», երկիրն ապականածը չի կարող ընդդիմություն լինել։ Ակնհայտ է, որ նրանց օրակարգին հանրությունը չտվեց վստահություն։ Սա չի նշանակում, որ մեր երկրում խնդիրներ չկան, որ գործող իշխանությունն անելիք չունի։ Երկրում բազմաթիվ խնդիրներ են առաջացել, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։
- Այս ամենի արդյունքում ո՞վ շահեց։
- Հարթակի ընդդիմության միակ հաջողությունը գործող իշխանության դիրքերն ավելի ամրապնդելն է եղել։ Իրենք հնարավորություն տվեցին՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս, արձանագրելու, որ ՀՀ իշխանությունների կողմից գեներացվող օրակարգը չունի համարժեք դիմադրություն։ Ինստիտուցիոնալ առումով՝ սա վտանգավոր է, քաղաքական համակարգի հավասարակշռությունն է խախտված, ունենք իշխանություն, բայց չունենք համարժեք ընդդիմություն։ Մենք չենք ունենա ուժեղ իշխանություն, եթե չունենանք ուժեղ ընդդիմություն։
- Իսկ «Դիմադրություն» շարժման մարտավարության այս փոփոխությունից հետո պատրաստվու՞մ եք որևէ գործողություն սկսել։
- Բնականաբար, այդ վակուումը լցնելուն ուղղված գործընթացներ լինելու են։ Մենք ակտիվորեն դրանցում ենք, և, կարծում եմ, վաղ թե ուշ ՀՀ-ում ձևավորվելու է գաղափարական հենքով առողջ ընդդիմություն, որը օրինական ընտրություններով հավակնելու է ստանձնել հաջորդ իշխանությունը։ Բնականաբար, պետք է ձևավորել գործող իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին օրինական ընտրություններով հաղթող ուժ։ «Արդար Հայաստան» կուսակցությունը հենց այդպիսի ուժ դառնալու հավակնություն ունի, այդպիսի քաղաքական միավոր ստեղծելուն ուղղված վարքագծի կողմնակից է և այդ գործընթացի ակտիվ մասնակից է լինելու։