Քաղաքական

Ընդդիմադիրները չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից

«Դիմադրություն» շարժումը երեկ դադարեցրեց շուրջ մեկ ու կես ամիս տևած նստացույցը, և Ֆրանսիայի հրապարակից հեռացվեցին վրանները։

Չնայած այդ հանգամանքին՝ խորհրդարանական ընդդիմությունը դեռ չի շտապում վերադառնալ խորհրդարան։ Radar Armenia-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, շարժման ակտիվիստ Քրիստինե Վարդանյանը նշեց՝ ԱԺ կգան իրենց օրակարգով. «Այդ օրակարգը Արցախի չհայաթափվելն է, Հայաստանի՝ չթրքացվելը, և դրա առաջին անհրաժեշտ նախապայմանը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Մենք այնտեղ ենք, որտեղ այդ օրակարգն է։ Այդ առումով՝ չենք բացառել որևէ պետական շենքում, այդ թվում՝ ԱԺ-ում լինելը։ Մենք այնտեղ գնալու ենք այդ օրակարգով։ Հարցը ձևակերպվում, թափ է ստանում փողոցում։ Մենք չենք գնում բռնի ճանապարհով, գնում ենք օրինական, խաղաղ անհնազանդության ճանապարհով, և այդ ճանապարհի կարևոր հանգրվաններից մեկն անպայման լինելու է ԱԺ-ն»։

Ըստ Վարդանյանի՝ օգոստոսի սկզբին իրենց գործիքներին ավելանալու է ևս մեկը. «Պայմանավորված պաշտոնավարման 1 տարին լրանալով՝ ավելանալու է իմպիչմենտի գործիքը։ Մենք երբևէ չենք հրաժարվել պայքարի որևէ գործիքից, դա իրականում անմտություն է, բայց այդ գործիքներն օգտագործելու ենք՝ ըստ նպատակահարմարության»։