«Դիմադրություն» շարժումը որոշել է փոխել մարտավարությունը։ Այսօր կայանալիք հանրահավաքին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կներկայացնի առաջիկա անելիքները։ Ենթադրվում է՝ ընդդիմադիրները կդադարեցնեն շուրջօրյա բողոքի ակցիաները, մանավանդ, որ երեկ Սաղաթելյանը հարցազրույցում խոսել էր շոգերից ելնելով գործողությունների նոր մարտավարության ու ծրագրի անհրաժեշտության մասին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ մարտավարությունը փոխելն ակնհայտ է դարձնում այն, որ ընդդիմադիրներն ինչպես մերժված էին, այնպես էլ շարունակում են մերժված մնալ։ Radar Armenia-ի հետ զրույցում նա նշեց, որ հանրության ճնշող մեծամասնությունն ընդդիմադիրների հարցադրումները լուրջ չի ընկալում և համապատասխան աջակցություն չի ցուցաբերում. «Իրենք անկեղծ չեն և լրիվ այլ նպատակներ են հետապնդում, որն էլ հիմնական պատճառներից է, որ աջակցություն չեն ստանում, որովհետև շատերն արդեն համոզված են, որ նրանք կեղծում են։ Շարժման առաջնորդների բուն նպատակը պատասխանատվությունից խուսափելն է, բայց թույլ տված սխալների համար նրանց պետք է պատասխանատվության կանչեն։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ապօրինի գույքի ձեռքբերմանը։ Հաջորդիվ, երևի շատերը համոզված են, որ նրանք կատարում են Ռոբերտ Քոչարյանի ցուցումը՝ դուրս գալ փողոց և փորձել զավթել իշխանությունը, ինչը չի ստացվում։ Սա է, մնացածը բառախաղ է»։
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ընդդիմության առաջնորդը Իշխան Սաղաթելյանն է, պատգամավորը նշեց՝ իրականում ակնհայտ է, որ այս ամենի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է։
Հարցին՝ ինչպես է պատկերացնում ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդարանական աշխատանքը, եթե նրանք վերադառնան ԱԺ, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Ըստ էության, նրանք առաջին իսկ օրվանից իրենց դուրս են դրել խորհրդարանական աշխատանքներից և լուրջ չեն վերաբերել այն վստահությանը, որն ստացել են ընտրողներից։ Դժվար է պատկերացնել համագործակցություն որևէ սուբյեկտի հետ, որը չի պատրաստվում աշխատել։ Եթե անցնեն աշխատանքի, համագործակցություն միշտ էլ կարող է լինել։ Իսկ համագործակցությունը ենթադրում է բանավեճեր, տարաձայնությունների շուրջ ընդհանուր եզրերի փնտրտուքներ։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ նրանց նպատակը որպես խորհրդարանական աշխատելը չէ»։
Խաչատրյանն անդրադարձավ նաև ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու թեմային, ասաց՝ քննարկումները շարունակվում են, սակայն վերջնական որոշում չկա։
Մինչ այդ, ըստ նրա, ընդդիմության հերթական մանիպուլյատիվ դրսևորումներն են սպասվում. «Իրենց դիտարկմամբ խորամանկ, ճարպիկ քայլերն իրականում պարզունակ մանիպուլյացիաներ են։ Իրենք համակիրների փոքր շերտ ունեն, ինչը, կարծում եմ, կնվազի, որովհետև մարդիկ աստիճանաբար կհամոզվեն, որ այն, ինչի մասին խոսում են շարժման առաջնորդները, իրենց բուն նպատակը չէ։ Արդյունքում, վերջնականապես կհամոզվենք, որ Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը դեգրադացիա են ապրում»։