«Մի քանի օր հետո համապատասխան օրենքի նախագիծ կմտնի Ազգային ժողով, որով սահմանվում է, որ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված մեր ապագա սպայական կազմի ներկայացուցիչների համար պետությունը տրամադրելու է 3-սենյականոց բնակարաններ Երևան քաղաքում: Այսինքն՝ այն անձինք, ովքեր կընդունվեն ռազմաուսումնական հաստատություններ, ավարտելուց հետո ստանալու են 3-սենյականոց բնակարան»,- այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ այդ անձինք բնակարանը ստանալու են ուսումնական հաստատությունը ավարտելուց անմիջապես հետո, ոչ թե 20 տարի հետո, երբ ձեռք են բերում կենսաթոշակի իրավունք:
«Բնակարանը ձեռք բերելուց հետո նրանք ստանալու են այն օգտագործելու իրավունք՝ կարող են բնակվել, կարող են տալ հարազատներին ի բնակություն, կարող են անգամ վարձով տրամադրել, և կապ չունի, թե սպան որտեղ է նշանակվելու ծառայության»,- հավելեց Արմեն Խաչատրյանը:
Նա 18-23 տարեկան երիտասարդներին և նրանց ծնողներին կոչ արեց դիմել ռազմաուսումնական հաստատություններ. «Երբևէ նման բան չի եղել, որ սպային տրամադրեն բնակարան մինչև կենսաթոշակի անցնելը»: