Քաղաքական

«Ընդդիմության կողմից լաոյի փնտրտուքները մեծացնելու են պատերազմի վերսկսման հավանականությունը». Անդրանիկ Քոչարյան

«Արդեն գրեթե երկու ամիս է՝ Ֆրանսիայի հրապարակում շարունակվում են ընդդիմության սակավամարդ հանրահավաքները, որոնք չունեն որևէ բովանդակային օրակարգ և ըստ էության միայն նպատակ ունեն խաթարելու մեր պետության ներքին կայունությունը»,- այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ հանրահավաքներին հնչող «Զարթիր, լաո» երգը որևէ աղերս չունի ոչ ցույցերի, ոչ դրանց հետապնդած նպատակների հետ. «Այդ երգը ի սկզբանե կոչ էր՝ ուղղված արտաքին թշնամու դեմ, միասնական պայքար ու դիմադրություն կազմակերպելուն: Իսկ այժմ ընդդիմադիրների ձեռքով այն դարձել է անհասկանալի փողոցային պայքարի, ներքին թշնամանք հրահրելու գործիք, որը, այնուհանդերձ, ընդդիմության համար ցանկալի արդյունք չի ապահովում: Պատճառը մեկն է. պայքարի արհեստածին ու կեղծ օրակարգը»:

Նա ընդգծեց, որ խաղաղ ցույցերի փոխարեն ականատեսն ենք լինում զանգվածային անկարգությունների և քաղաքային անդորրը խարխլող գործողությունների: «Իրական լաոն միշտ է արթուն»,- ասաց նա՝ հիշատակելով 2020 թվականը, և հավելեց. «Իսկ ընդդիմության լաոյի փնտրտուքները մեր պետության համար ոչ միայն դրական արդյունքի չեն հանգեցնելու, այլև շարունակվելու դեպքում մեծացնելու են հետագայում պատերազմի վերսկսման հավանականությունը»:

Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ արտաքին քաղաքականության հաջողության գրավականը ներքին կայունության ապահովման մեջ է: