Քաղաքական

Կատարի հետ ցանկացած հարաբերություն Հայաստանի համար լեցուն է լուրջ հնարավորություններով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Կատարի Պետությունում է։ 

Radar Armenia-ի հետ զրույցում արաբագետ Սարգիս Գրիգորյանը, անդրադառնալով այդ այցին, նշեց՝ Կատարի հետ ցանկացած հարաբերություն լեցուն է լուրջ հնարավորություններով. «Կատարի հետ հարաբերությունների զարգացումը մեծ հեռանկարներով է լեցուն։ Կատարը սովորական արաբական երկիր չէ՝ հաշվի առնելով իր հնարավորությունները, ազդեցությունը արաբական աշխարհում, տարածաշրջանում և դրանից դուրս։ Սաուդյան Արաբիան, Կատարը այն երկրներից են, որոնց հետ պետք է երկխոսել, հնարավորինս ակտիվ լինել և զարգացնել հարաբերությունները»։ 

Արաբագետը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Կատարը էներգառեսուրսներով հարուստ երկրներից մեկն է. «Ես այն ոլորտները նշեցի, որտեղ Կատարը առանձնանում է, բայց Հայաստանն էլ Կատարի համար է հետաքրքիր՝ IT տեխնոլոգիաներ, տուրիզմ, տնտեսական որոշ ոլորտներ։ Այստեղ երկուստեք փոխադարձ լուրջ անելիքներ կան»։

Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանը Կատարի համար կարող է դառնալ Իրանի  հետ երկխոսությունների միջնորդ։ Բացի այդ, ըստ նրա, Հայաստանը կապող օղակի դեր կարող է ստանձնել Կատարի և ՌԴ-ի միջև. «Համայնքի ներկայությունը որոշակի հնարավորություն է տալիս մեզ, այդ վստահելիությունը մենք ունենք, մենք նոր չենք արաբական աշխարհի համար, մեզ ճանաչում և վստահում են, ունենք դրական իմիջ և, այս առումով, կարող ենք միջնորդական առաքելություններով հանդես գալ»։

Գրիգորյանի խոսքով՝ երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը կարող է խոչընդոտել միայն այն, որ Կատարը ինքնուրույն և ինքնաբավ երկիր է, որն ունի իր օրակարգը, կարողանում է ձևակերպել այն և առաջադրել խաղի կանոններ. «Բարդ է լինելու ամեն դեպքում, չմոռանանք նաև Կատարի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները, որպես մուսուլմանական երկրներ, բայց մենք պետք է նայենք առաջ, աշխարհը արագ տեմպերով առաջ է ընթանում, և մենք այստեղ անելիքներ ունենք, հատկապես՝ 2020թ. պատերազմից հետո»։

Ինչ վերաբերում է երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթերին, մասնավորապես, ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին, արաբագետը նշեց. «Դրանով ավելի գործնական հարթության վրա ենք դիտարկելու այդ հարաբերությունները, և դա իր դրական ազդեցությունն ունենալու է։ Հռետորաբանական, հեռվից դրական խոսքեր շռայլելուց բացի՝ մենք կարող ենք պրակտիկ գործողություններ անել, և դրանք հարաբերություններին ճկունություն և մոբիլություն կտան»։

Գրիգորյանը շեշտեց՝ Կատարը ռեսուրսներով և հնարավորություններով հարուստ երկիր է, որի հետ հարաբերությունները պետք է զարգացնել։ 

Անուշ Մկրտչյան