Քաղաքական

Փոփոխություններ՝ դիվանագիտական անձնագրերի տրամադրման կարգում

ԱԺ-ն սկսել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց նախագծի մանրամասները. «Դիվանագիտական ծառայության համակարգում ներդրվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգ, մինչդեռ բոլոր պաշտոնները, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը շարունակում է մնալ դիվանագիտական ծառայության պաշտոն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԳՆ-ում որոշ ստորաբաժանումներ անցնում են քաղաքացիական ծառայության համակարգի, առնվազն անհրաժեշտ էր նախատեսել գլխավոր քարտուղարի հաստիք, որը կունենա քաղաքացիական ծառայողի կարգավիճակ»:

Ըստ նրա, հաջորդ փոփոխությունը վերաբերում է դիվանագիտական աստիճանների կանոնակարգմանը. «Դիվանագիտական աստիճանների հարցում ընտրել ենք առավել արդյունավետ կարգավորում, որը հնարավորություն կտա ոչ շատ արագ ու ոչ շատ դանդաղ առաջ գնալ դիվանագիտական պաշտոնների առաջխաղացման հարցում»։ 

Վարդանյանը մանրամասնեց, որ դիվանագիտական անձնագրերի տրամադրման, վերադարձման, պահպանման կարգին վերաբերող փոփոխություններ ևս նախատեսվում են նախագծով. «Սա այն նպատակով է, որ չստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ դիվանագիտական անձնագիր հայտնվի այնպիսի մարդու մոտ, որը նույնիսկ քաղաքացիական անձնագիր ստանալու իրավունք չունի, կամ քաղաքացիական անձնագրի ժամկետը լրանում է»: