ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով «Դիմադրություն» շարժման հետագա գործողություններին, երեկ հայտարարել էր՝ «վաղը չէ մյուս օրը ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանից կլսեք, թե ինչ է ասվելու այդ մասին»։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարություններին, նշեց. «Պարոն նախագահն այդպես է ասում այն պատճառով, որ Իշխան Սաղաթելյանն է շարժումը համակարգում։ Սաղաթելյանն ընդդիմության լիդերներից է, իր վրա է վերցրել պատասխանատվությունը, հանրահավաքներին անելիքների մասին հողորդում է հանրությանը։ Ինչ-որ խնդիր չեմ տեսնում»։
Շարմազանովի խոսքով՝ հենց Սաղաթելյանն էլ կհայտարարի ընդդիմության պայքարի փուլերի մասին։ ՀՀԿ ԳՄ անդամը հորդորեց սպասել վաղվա հանրահավաքին. «Վաղվա հանրահավաքին, ինչքան տեղյակ եմ, պետք է ամփոփվի այն, թե ինչ փուլի ենք հասել։ Չեմ կարծում՝ օբյեկտիվ է, որ դրանից առաջ գնահատականներ հնչեցնեմ, որովհետև դրանք կարող են տարբեր կերպ ներկայացվել, մանավանդ, որ ես շարժման առաջնորդներից չեմ, հասարակ քաղաքացի եմ, որը պայքարելու է ազգային, ուժեղ Հայաստանի համար»։
Հարցին՝ հավանականություն կա՞, որ փողոցային պայքարն այս փուլում կարող է դադարեցվել, Շարմազանովը պատասխանեց, թե այդ հարցերի հասցեատերն ինքը չէ. «Շարժման հարթակի տղաները, ներկայացուցիչներն իրենց կարծիքը պետք է ասեն, խոսեն անելիքների մասին։ Կսպասենք, իրենք կասեն։ Ես չեմ որոշողը, ես մասնակից եմ։ Ես 4 տարի պայքարում եմ այս իշխանության դեմ, պնդում եմ, որ իրենք ի զորու չեն պաշտպանել ՀՀ-ի, Արցախի շահը։ Անվտանգային խնդիրների, ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ իմ բոլոր գնահատականներն ուժի մեջ են, դրանցում ոչինչ չի փոխվել»։
Նրա խոսքով՝ պետք է սպասել վաղվա հանրահավաքին. «Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը և նրա ռեժիմը իշխանության են, հայանպաստ որևէ լուրջ քայլ չեմ ակնկալում։ Դա չի նշանակում, որ եթե Նիկոլը գնա, դրախտն սկսվելու է, բայց նրա գնալով մենք կարող ենք կասեցնել Հայաստանի պետականության գահավիժման գործընթացը։ Ես պայքարելու եմ։ Այդ պայքարը կարող է ունենալ տարբեր փուլեր, դրսևորումներ, ես 4 տարուց ավել է՝ պայքարում եմ։ Երբ ես ու իմ ընկերները պայքարում էինք և քաղաքական գնահատականներ ու այլընտրանքային կարծիք էինք հնչեցնում, շատերը դեռևս ծափահարում էին Փաշինյանին»։
Մարիամ Սարգսյան