Քաղաքական

«Շարժման առաջիկա քայլերի և գործողությունների մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ». Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման գործողությունները արդյունավետ է համարում, սակայն նշում է, որ մարտավարության խնդիր կա: 

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Սաղաթելյանը, և ավելացրել, որ շարժման առաջիկա քայլերի և գործողությունների մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ: 

«Մենք այս 40 օրվա մեջ ամեն ինչ փորձել ենք՝ անհնազանդության ակցիաներ, շենքերի շրջափակում: Այս ամեն ինչը պահելով՝ նաև նոր մոտեցումների խնդիր կա»,-ասել է նա՝ հավելելով, որ շարժումը ակտիվ գործողությունների մեջ է որոշ քայլեր և գործողություններ փոփոխության ենթարկելու նպատակով:

Իշխան Սաղաթելյանը վստահեցրել է, որ իրենք  արկածախնդրության չեն գնալու, քանի որ դա շարժմանը ոչինչ չի տա:

«Մենք շարժումը արդյունավետ կազմակերպելու և իր նպատակին հասցնելու խնդիր ունենք: Կա ձևակերպված նպատակ, և բոլոր քայլերն ու գործողությունները միտված են դրան»,-նշել է նա: