Քաղաքական

Ընդդիմության կառնավալը՝ Լավրովի համար

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ժամանակ «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները բողոքի երթով գնացել էին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ։ Սակայն, երբ արդեն Լավրովն ԱԳՆ շենքում էր, ընդդիմության ներկայացուցիչները հեռացան՝ հայտարարելով, թե իրենց նպատակը ոչ թե ԱԳՆ շենքը շրջափակելն էր, այլ ուղերձները Լավրովին հասցնելն առ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս չի ներկայացնում ՀՀ-ն ու ՀՀ ժողովրդին։ Մինչ այդ տարբեր ուժեր տեսակետ էին հայտնում, թե «Դիմադրության» շարժման ներկայացուցիչները ՌԴ ԱԳ նախարարի ներկայությամբ բողոքի ակցիա չեն իրականացնի։

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Radar Armenia-ի հետ զրույցում պնդեց՝ այդ մարդիկ զբաղված են պետության դիրքերի խափանմամբ. «Նրանք անում են հնարավոր ամենը, որ իրենց ուղեղներում կարող է ծագել։ Այսօրվա «կառնավալը», որ սարքել էին ԱԳ շենքի դիմաց, դրա ուղղակի վկայությունն է։ Հայաստանն այսօր գտնվում է շատ կարևոր բանակցային փուլում, իսկ իրենք ասում են, որ ՀՀ կողմից բանակցություն վարողն իշխանություն չունի։ Իսկ ո՞վ ունի, իրե՞նք։ Իրենք նույնիսկ իրենց տներում իշխանություն չունեն»։

Մեհրաբյանը նշեց, որ, մյուս կողմից, իշխանություններն էլ են մեղավոր. «Նրանք «բարի քեռի» են խաղում։ Այդ ընդդիմադիրների քայլերից հետո նրանցով պետք է զբաղվեին հատուկ ծառայությունները՝ տեսնելով նրանց ու օտար պետությունների շահերի համապատասխանությունը։ Հայաստանում օպոզիցիոն գործունեությունը երաշխավորված է օրենքով, բայց հակապետական գործունեությունը պատժելի է»։

Անդրադառնալով տեսակետներին, թե «Դիմադրություն» շարժումն իր ակցիան կազմակերպել էր այնպիսի ժամի, որ հնարավորինս անհանգստություն չստեղծվեին Լավրովի համար, Մեհրաբյանն ասաց. «Իրենք անհանգստություններ ստեղծում են ոչ թե ՌԴ ներկայացուցչի, այլ, նրա ներկայությամբ, ՀՀ իշխանությունների համար, նաև՝ ռուսական պրոպագանդայի լրատվականներին սնուցելու համար։ Եթե Լավրովը Երևանում իր ուզածին չհասնի, կտեսնեք՝ ինչպես են ակտիվանալու «մարգոները», «բաղդասարովները» և այլք։ Այս ամբողջ պատկերը հավաքվում է դրա համար»։

Հարցին՝ ո՞րն է Լավրովի ցանկությունը, քաղաքագետը պատասխանեց. «ՀՀ-ի վրայով անցնելն է։ «Զանգեզուրի միջանցքը» Ալիևը չի ուզում, ուզում է ՌԴ-ն, և այդ ցանկությունը հայտնում է Ալիևի միջոցով»։