Քաղաքական

Գլխավոր դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում

Մի քանի ամիս է՝ ՀՀ Գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև հրապարակային բանավեճ է ընթանում։ Ընդ որում, այդ բանավեճերը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող քերական գործերին են վերաբերում։

Կողմերի «հակամարտությունն» սկսվեց այն բանից հետո, երբ դատախազությունը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործը, համապատասխան քննչական գործողություններ կատարելու ցուցումով, հետ ուղարկեց Հակակոռուպցիոն կոմիտե։ Նախաքննական մարմնի արձագանքը չուշացավ. կոմիտեն դատախազի որոշումը գնահատել էր «անօրինական և չհիմնավորված»: Հակակոռուպցիոն կոմիտեն նաև վստահություն էր հայտնել, որ նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և «այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»:

Իրավապահ կառույցների միջև հաջորդ անհամաձայնությունը երկար սպասեցնել չտվեց. այս անգամ գործը վերաբերում էր Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։ Դատախազությունը չէր հաստատել Հարությունյանի՝ 14 մլն դոլար կաշառք ստանալու վերաբերյալ գործն ու այն վերադարձրել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության։

Հաջորդիվ, Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի միջև վեճի առարկա դարձավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում կառուցած շքեղ առանձնատան վաճառքը։ Դատախազությունը հայտարարել էր, թե Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը՝ Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը կատարելու վերաբերյալ, հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով Կոմիտեի իրավական դիրքորոշմանը. «Տարբերակված մոտեցման մասին վկայող իրողություններն առաջացնում են գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու անհրաժեշտություն, ինչի առումով դրսևորվելու է հետևողականություն»,- նշել էր դատախազությունը։ 

Սրան նախորդել էր Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը, որ իրենք գործում են միայն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում. «Իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ունկնհաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու՝ կոմիտեի կամքի վրա, և ստվերել նրա գործունեությունը»,- նշված էր հայտարարության մեջ։

Ապրիլին Աբրահամյանի առանձնատունը կրկին դրվեց կալանքի տակ։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԱԾ-ին հանձնարարեց ստուգել վաճառքի գործարքը և պարզել՝ ինչպե՞ս է քրեական գործով անցնող դղյակը հանվել կալանքից ու վաճառվել ընդամենը երկու շաբաթվա մեջ։ Բացի այդ՝ վարույթից հեռացվել էր քննիչը, որը ճանապարհ էր հարթել առանձնատունը կալանքից հանելու համար։

Հակակոռուպցիոն կոմիտեն քննիչին վարույթից հեռացնելու մասին որոշումը որակել էր անհիմն և ապօրինի. «Հիշյալ որոշման դեմ առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին՝ ակնկալելով, որ վերջինս կվերացնի ստորադաս դատախազի ոչ իրավաչափ որոշումը, ոչ թե կնախընտրի հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության հանրայնացված կարծիքին դեմ չգնալու գործելաոճը»,- հայտարարել էր կոմիտեն:

Երեկ էլ կառույցն անդրադարձել էր Դատախազության այն պարզաբանմանը, թե Վլադիմիր Գասպարյանի ու Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարը պարբերաբար անտեսել է դատախազության ցուցումները, ինչը «ողջամտորեն վկայել է գործով քննության նկատմամբ առկա կանխակալ վերաբերմունքի մասին»։ Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազությանը մեղադրել էր քրեական գործի քննությանը խանգարելու և այն տապալելու մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեն իր մտահոգությունն էր հայտնել «վերջին շրջանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին մի շարք պաշտոնատար անձանց վերաբերյալ քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերում, հստակ դիրքորոշումներ հայտնելու փոխարեն, վերացական ձևակերպումներով դատավարական սուբյեկտների հարաբերությունները հանրայնացնելու՝ դատախազության քաղաքականության կապակցությամբ»:

Գլխավոր դատախազի խորհրդականը Radar Armenia-ի հետ զրույցում մեկնաբանել էր այդ հայտարարությունը՝ նշելով. «Դատախազությունը ժպիտով է վերաբերում այդ հայտարարությանը։ Ընդամենը կարող ենք ասել, որ այդքանը գրելու փոխարեն՝ թող գնան, քննություն կատարեն»։

Ստեղծված իրավիճակը հազիվ թե կարելի է համարել նորմալ, քանի որ հատկապես այս ոլորտում մասնագիտական բանավեճերի համար մամուլը լավագույն հարթակը չէ։ Մինչ այդ, մնում է սպասել, թե մինչև ուր կհասնեն Գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև այսօրինակ հրապարակային մեղադրանքները։

Մարիամ Սարգսյան