2021թ. բյուջետային հատկացումներին և դրանց կատարողականներին անդրադարձ է եղել հունիսի 2-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը ներկայացրել է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ խորհրդարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական գործունեության ամփոփ նկարագիրը:
«ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 6,090,276,800 դրամ: Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունությունն ապահովելու նպատակով իրականացվել են միջհոդվածային վերաբաշխումներ: ՀՀ Ազգային ժողովը 2021թ հատկացումների հաշվին կառավարության պահուստային ֆոնդ է վերաբաշխել շուրջ 622,085,200 դրամ՝ Կառավարության կողմից առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման համար:
Արդյունքում՝ Ազգային ժողովի ճշտված բյուջեն 7 միջոցառումների գծով կազմել է 5,468,191,600 դրամ, դրամարկղային ծախսը` 5,397,693,800 դրամ: Բյուջեն կատարվել է 98,7 %-ով: Ճշտված բյուջեի և դրամարկղային ծախսի միջև շեղումը կազմել է 70,497,800 դրամ, որը ևս փոխանցվել է պետական բյուջե:
«ՀՀ ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» ծրագրի գծով 2021թ. ճշտված բյուջեն կազմել է 5,038,871,500 դրամ, դրամարկղային ծախսը՝ 4,971,954,000 դրամ, բյուջեն կատարվել է 98.7%-ով: Ծախսերի կրճատման և արդյունավետ կատարման արդյունքում տնտեսվել է 66,917,500 դրամ:
«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» ծրագրի գծով ճշտված բյուջեն կազմել է 181,932,000 դրամ, դրամարկղային ծախսը՝ 181,884,000 դրամ: Բյուջեն կատարվել է 99.9%-ով:
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» ծրագրով ճշտված բյուջեն կազմել է 590,600 դրամ, դրամարկղային ծախսը՝ 360,000 դրամ: Վերապատրաստվել է 37 պետական ծառայող, բյուջեն կատարվել է 61%-ով: Ծախսերը կատարվել են փաստացի վերապատրաստված պետական ծառայողների թվին համապատասխան, որի արդյունքում տնտեսվել է 230,600 դրամ:
«ՀՀ ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում» ծրագրով վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել էր 36,219,000 դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 35,692,500 դրամ: Բյուջեն կատարվել է 98%-ով: Ապրանքների ձեռքբերման գործընթացներով պայմանավորված՝ տնտեսվել է 526.000 դրամ:
«ՀՀ ԱԺ շենքային պայմանների բարելավում» ծրագրով 2021թ. ճշտված բյուջեով նշված միջոցառման համար նախատեսվել է 120,578,000 դրամ՝ ՀՀ Ազգային ժողովի շենք-շինությունների ջեռուցման համակարգի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար: Նշված միջոցառման դրամարկղային ծախսը կազմել 117,813,300 դրամ կամ բյուջեն կատարվել է 98%-ով:
Վահան Նարիբեկյանը տեղեկացրել է, որ ԱԺ շենք-շինությունների ջեռուցման համակարգի հիմնանորոգման, խորհրդարանի ցանկապատի վերանորոգման, ԱԺ ավտոտնտեսության նկուղային արհեստանոցի և հարակից տարածքների նորոգման ու ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել: Տեղադրվել է տեսահսկող համակարգ: Վերանորոգվել են վարչական շենքի մուտքի եւ միջանցքների դռները, ԱԺ Բաղրամյան անցակետն ու քաղաքացիների ընդունելության սրահը:
ԱԺ վարչական շենքի ներքին լուսավորման սարքերը փոխարինվել են նոր էներգախնայող լամպերով: 2021թ. 10 մեքենայով կրճատվել է ավտոպարկը, 2022-ին նախատեսվում է 4-10 մեքենայի կրճատում: 16 տոկոսով վառելիքի խնայողություն է եղել՝ շուրջ 9 մլն դրամով:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն առանձնացրել է աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված համագործակցությունը միջազգային կառույցների հետ: ՄԱԶԾ «Ժամանակակից Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում իրականացվում են համապարփակ և կարևոր ծրագրեր, որոնք կրում են շարունակական բնույթ: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետ համագործակցությամբ հանձնաժողովների և աշխատակազմի աշխատակիցների համար հաղորդակցության ոլորտում կարողությունների զարգացմանն ուղղված սեմինարներ են անցկացվում: Կանադական պառլամենտական կենտրոնի հետ համատեղ ԱԺ աշխատակազմը մշակել և ներկայացրել է ԱԺ աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական ծրագիրը: Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDA) ֆինանսավորմամբ Ազգային ժողովում նորավարտ մասնագետներն իրենց աշխատանքային պրակտիկան են անցնում: