Քաղաքական

«Պատերազմի օրերին Գլխավոր շտաբն ինֆորմացիա էր փոխանցում, որը չէր համապատասխանում իրականությանը»․ Սերժ-Վարագ Սիսեռյան

«Պատերազմի օրերին Գլխավոր շտաբն ինֆորմացիա էր փոխանցում, որը չէր համապատասխանում իրականությանը»․ Սերժ-Վարագ Սիսեռյան

Պատերազմի օրերին Գլխավոր շտաբն ինֆորմացիա էր փոխանցում, որը չէր համապատասխանում իրականությանը։ Այս մասին Առաջին ալիքի «Բաց հարթակ» հաղորդման շրջանակներում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ-Վարագ Սիսեռյանը։ 

Անդրադառնալով օրեր առաջ Սիսեռյանի հայտարությանը, ըստ որի «Սեյրան Օհանյանը նոյեմբերի 5-ի երեկոյան Շուշիից դուրս եկավ առանց նախազգուշացնելու՝ թողնելով մեզ շրջապատված հակառակորդի զորքերով և առանց կապի», հարց հնչեց՝ Սեյրան Օհանյանը փաստացի հրամանատա՞րն էր,  Սերժ-Վարագ Սիսեռյանը պատասխանեց․  

«Եթե ինքը (խմբ. Սեյրան Օհանյանը) հրամանատար չէր, ի՞նչ լիազորություններ ուներ մեզ դիրքեր ուղարկելու։ Այո՛, նա փաստացի հրամանատարն էր։ Մեր կապը հրամանատարական կետի հետ շատ տարօրինակ ձևով ընդհատվեց, և ես արդեն մի քանի օր հետո իմացա, որ Սեյրան Օհանյանը դուրս է եկել Շուշիից` առանց մեզ տեղյակ պահելու, և ես համարում եմ, որ այո՛, դա խնդիր է»։

Սերժ-Վարագ Սիսեռյանը նշեց, որ երեկ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում է ունեցել․ «Եվ ես իմացա, որ նաև պետք է ներկայանամ ԱԺ քննիչ հանձնաժողով, որտեղ պետք է խոսեմ Շուշիի անկման հանգամանքների մասին»։

Անդրադառնալով նոյեմբերի 9-ին վարչապետի ստատուսից հետո արված հայտարարությանը, Վարագ Սիսեռյանը շեշտեց․ «Ես էմոցիոնալ մարդ եմ և կարող եմ շատ հստակ ասել, որ այդ հայտարարությունը (խմբ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալը) որոշակի էմոցիոնալ հատված էր կրում։ Վարչապետի ստատուսն իմ մեջ ինչ-որ բան առաջացրեց, որ նախընտրեցի դուրս գալ։ Դուրս գալը չի նշանակում և չէր նշանակում քաղաքական գիծ փոխել»։

Վարագ Սիսեռյանն անդրադարձավ նաև ընդդիմության պայքարին․ «Ընդդիմության կորիզն այսօր, կարծում եմ, Դաշնակցությունն է, և իրենք փորձում են Հայաստանից դեպի Սփյուռք սխալ տեղեկատվություն հասցնել։ Իրենք միշտ փորձում են կերտել մեկ թշնամի կերպար, ժամանակին դա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմա այդ մարդը մեր երկրի վարչապետն է»։

Վարագ Սիսեռյանը փաստեց, որ ընդդիմությունն այսօր աջակցություն չունի։ 1000-1500 հոգով փողոցային պայքարի միջոցով չեն կարող գալ իշխանության․ «Հույս ունեմ՝ ընդդիմադիր ուժերը exit plan ունեն այս ամենի տակից դուրս գալու համար, որովհետև ակնհայտ է, որ չունեն աջակցություն, և ինչ որ պահի պիտի մի բան անեն, դուրս գան այս վիճակից ու գնան ԱԺ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական