Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ռուսաստանը վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ որևէ կերպ չի մասնակցի միջազգային անվտանգության Մյունխենյան համաժողովին: Համաժողովը տեղի է ունենալու փետրվարի 18-20-ը:
ՌԴ ԱԳՆ խոսնակը դա պատճառաբանել է նրանով, որ համաժողովը ըստ էության վերածվել է եվրաատլանտյան ֆորումի, կորցրել է ընդգրկուն բնույթը: Բայց, սա թերևս կարող է լինել զուտ ֆորմալ բացատրություն: Բանն այն է, որ չմասնակցելու ֆորմալ պատճառ կարող է լինել այն, որ Մոսկվան լրջորեն դիտարկում է մինչև փետրվարի 20 ռազմական որևէ սցենարի գործադրում: Սա իհարկե հնարավոր տարբերակ է, այլ ոչ թե աներկբա որոշում:
Համենայն դեպս հատկանշական է նաև Բլումբերգի տարածած տեղեկությունը, որ ԱՄՆ նախագահ Բայդենը մտադիր է փետրվարի 11-ին զանգահարել դաշնակիցներին՝ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան, Իտալիա, Կանադա, ԵՄ և ՆՍՏՕ: Եթե ԱՄՆ նախագահը մտադիր է բոլորի հետ խոսել նույն օրը, ապա դա կարո՞ղ է նշանակել, որ խոսքն անհետաձգելի թեմայի մասին է, որի շուրջ որևէ մեկի հետ խոսակցությունը հաջորդ օրվա կամ օրերին թողնելը կարող է լինել ուշ: Միաժամանակ, Բայդենը դարձյալ կոչ է արել ամերիկացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից, ասելով, որ ռազմական վտանգի դեպքում նրանց հետևից չի ուղարկվի որևէ ամերիկացի զինվոր, քանի որ համաշխարհային աղետ կլինի, եթե ԱՄՆ ու Ռուսաստանը կրակեն իրար վրա:
Նախօրեին Բեռլինում տեղի է ունեցել Նորմանդական քառյակի հանդիպում՝ խորհրդականների մակարդակով, որը տեւել է 9 ժամ և ըստ տարածված տեղեկության չի ունեցել որևէ արդյունք»: