Տեսակետ

Հավերժ թշնամանքի միֆը զրկում է անվտանգ միջավայրի հեռանկարից

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անկախ պետական կառավարման ձևրից ու ֆորմացիաներից՝ Թուրքիան արդեն հարյուրամյակներ շարունակ ունի պետականություն, որը տարբեր ժամանակաշրջաններում նաև կարելի է ասել գլոբալ ազդեցությունների սուբյեկտ է հանդիսացել, և սա ոչ թե վախենալու համար է ասվում, այլ պետք է նշենք որպես փաստ, իսկ մեծ քաղաքականության մեջ փաստերը շրջանցելը անթույլատրելի անլրջություն կլինի, և այն հանրությունը, որը կփորձի այս տրամաբանությանը հակառակ քայլել, շատ արագ կերպով կենթարկվի աղետալի ցնցումների։

Ժամանակ առ ժամանակ հայկական քաղաքական ու մշակութային էլիտաները այս պարզագույն ճշմարտությունը շրջանցելով ծնել են այնպիսի աղետներ, որի միջով անցել ու շարունակում են անցնել սերունդները։

Ասում են մենք ավելի հին ենք, քան նրանք, մենք որպես էթնոս ձևավորվել ենք այս տարածաշրջանում, իսկ նրանք պարզապես եկվորներ են։ Պատմագիտորեն այդպես է, բայց պատմությունը ընթացք է, որ երբեք կանգ չի առնում, իսկ դա նշանակում է, որ նրանք վաղուց այդ պատմության ընթացքի մեջ լրջագույն գործոն հանդիսացող պետական միավոր են, իսկ քաղաքական իրողություններում կշիռ ստեղծող հիմնական ֆենոմենը պետականության առկայությունն է։

Շատ է խոսվել նաև ժամանակի գործոնի գնահատման մասին, որը մեծ քաղաքականության մեջ երաշխիքներ ստեղծող հիմնական գիտակցումն է, այսինք եթե հաշվի չես առնում ժամանակի ընթացքում հնարավոր զարգագումները, ապա կրկին աղետներից չես կարող խուսափել։ Օսմանյան կայսրությունը 17-19 դերերում որոշակի վայրիվերումներով, բայց ընդհանուր առմամբ տնտեսական ու ռազմական առումով զարգացող պետական միավոր էր, որը 19 րդ դարի կեսերին մոտավորապես արդեն ուներ 30 միլիոնից ավել բնակչություն, իսկ 20 րդ դարի առաջի տասնամյակում մոտավորապես պահպանում էր 1 միլիոն քռ.կմ ավել տարածք, իսկ դա տվյալ տարածաշրջանի համար չէր կարող չունենալ լրջագույն ազդեցություն, թե’ Արևմտյան երկրների, թե’ նաև Ռուասատանի համար։ Բայց ցավոք սրտի հայկական քաղաքական միտքը, ինչպես հաճախ է պատահել, այս իրողությունները հաշվի չառնելով սեփական քայլերը կառուցել է ծայրահեղ համակրությունների ու հակակրությունների տրամաբանությամբ, այսինքն, թե’ մերձեցումներն են եղել առանց ռեալ քաղաքական հաշվարկների, թե’ նաև հակադրությունները, իսկ դա նշանակում է քաղաքական դիմադրողականության խոցելիություն, որն էլ դառնալու էր մեծ ողբերգությունների պատճառ։ Ժողովուրդները առաջին հերթին պարտվում կամ հաղթում են քաղաքականպես, մնացած բոլորը հետևանքներ են։ Եթե չես գնահատում քաղաքական կշիռդ, չես կարող կառավարել ռազմական ու տնտեսական հնարավորություններդ։ Հավերժ թշնամանքի կամ բարեկամության միֆը ժողովուրդներին զրկել ու զրկում է անվտանգ միջավայր ստեղծելու հեռանկարից, որովհետև հանրության քաղաքական պատկերացումները, երբ հարմարեցնում ես պարզունակ զգագմունքային հարցադրումներին, ուրեմն նշանակում է երկարաժամկետ առումով դատապարտում ես տվյալ հասարակությանը խեղճության ու աղքատության, իսկ խեղճ ու աղքատ հասարակությունները գլոբալ գործընթացգներում մշտապես մանրադրամի արժեք են ունենում։

Արդեն մեկ դարից ավել է, որ նույն քաղաքական շրջանակը, որը իրեն «ազգային էլիտա» է հռչակել, վերոնշված ապաքաղաքական պատկերացումներից դուրս չի կարողանում գալ, և շարունակում է մի ողջ ժողովրդի պահել գիտակցական մոլորության մեջ, դառնալու է միլիոնավոր մարդկանց մահվան ու վտարանդի դառնալու պատճառ։ Վերջին հարյուր տարում ցեղասպանությունն ու դեմոգրաֆիական աղետի հասնող արտագաղթը, այդպես էլ չսթափեցրեց այս շրջանակին, չհասկացան, որ իրենց քաղաքական գոյությունն ուղիղ համեմատական է այն բոլոր աղետներին, որ կատարվել ու կատարվում է հայ ժողովրդի ու հայկական նորաթուխ պետականության հետ։

Հարցնում եք, որտեղից է ծնունդ առել ու առնում մեր ապետական լինելու գիտակցումը, պատասխանը մեկն է, այդ նույն շրջանակն է, որ ծնել ու ծնում է այդ գիտակցումն ու իր հետևանքները»։