Հասարակություն

Հավասարակշռված մոտեցում՝ համավարակի դեմ պայքարում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային միջոցառումներին՝ ընդգծելով, որ դիմակները լուրջ կանխարգելիչ միջոց են և կարևոր դերակատարում ունեն վարակի տարածելիությունը կանխելու գործում: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ավանեսյանը նշեց, թե դա պնդում ու հաստատում են հեղինակավոր ինստիտուտների իրականացրած փորձարարական մեթոդներով հաստատված մի շարք հոդվածներ։

Անդրադառնալով անաշխատունակության թերթիկի ժամկետի կրճատմանը՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս պահին բոլոր ապացուցողական հիմքերը հուշում են, որ պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով 7 օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում, և կարգավորումը վերաբերում է պատվաստված քաղաքացիներին, իսկ չպատվաստվածների համար պահպանվել է 14-օրյա ժամկետը. «Սա ուղղված է քաղաքացիներին անհարկի ինքնամեկուսացման չենթարկելու և մյուս կողմից էլ՝ պաշտպանելու այլոց վարակման ռիսկից»։

Ավանեսյանը նաև հիշեցրեց, որ պետությունը շատ հավասարակշռված մոտեցում է ունեցել համավարակի դեմ պայքարում։ «Մենք առաջիններից էինք, որ հրաժարվեցինք երկարատև լոքդաունների քաղաքականությունից, որովհետև հասկանում էինք, որ քովիդը մեզ հետ է ոչ թե մեկ ամսով, երկու շաբաթով, այլ՝ անհայտ երկար ժամանակով, և այսօր էլ մեր բոլոր միջոցառումներն ուղղված են մի կողմից զսպելու վարակի տարածումը, բայց նաև հնարավորինս չխոչընդոտելու տնտեսական գործունեությունը, կրթական պրոցեսները և այլն»։
Նախարարն անդրադարձավ Հայաստանում կիրառվող պատվաստանյութերին, ընդգծելով, որ ՀՀ ներմուծվում են միայն ԱՀԿ-ի կողմից հաստատված, տվյալ երկրում իր գրանցող ռեգուլյատոր կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերը. «Սա նշանակում է, որ այս բոլոր պատվաստանյութերը անցել են եռաստիճան փորձաքննություններ, և հաստատվել են դրանց արդյունավետությունը, որակը և անվտանգությունը»։