Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Պարզաբանում
Շուտով Ազգային Ժողովը կընտրի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 7-րդ անդամին: Մի շարք լրատվամիջոցներ համոզում են հասարակությանը, որ, ըստ այսպես կոչված Դ՛Օնտի բանաձևի, այդ վերջին անդամը պետք է պարտադիր ընտրվի ընդդիմադիր ֆրակցիաների կողմից առաջադրված թեկնածուներից:
Դա այդպես չի: Դ՛Օնտի հայտնի բանաձևի նպատակն է խորհրդարանի ղեկավար կազմում ամրագրել ԱԺ ընտրությունների արդյունքներով մանդատներ ստացած քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Այլ մարմինների (ՍԴ, ԿԸՀ, ՀՌՀ, այլ) ձևավորման պարագայում օրենսդրությունը չի նախատեսում այդ բանաձևի կիրառումը: Ավելին, կիրառումը անտրաբանական կլիներ և կարժեքազրկեր մեր Հանձնաժողովի գործունեության ամբողջ իմաստն ու էությունը, քանի որ ՀՌՀ անդամները կուսակցական չպետք է լինեն, քաղաքականությամբ չպետք է զբաղվեն, այս կամ այն կուսակցության շահերից բխող որոշումներ չպետք է կայացնեն…
Ուրեմն, Հանձնաժողովի անդամ լինելու պայմանը քաղաքական ուժերի ներկայացվածության ապահովումը չի ՀՌՀ-ում: Այլ հատկանիշներ են անհրաժեշտ կամ հակացուցված թեկնածուներին: Հակացուցվածներից են՝ չարությունը, ատելությունը այլ հայացքներ ունեցող անձի կամ ուժի նկատմամբ, լայնախոհության, ինքնուրույն որոշումներ կայացնելու կամքի բացակայությունը, դեստրուկտիվ վարմունքը...
Ուստի խնդրանքս լրատվամիջոցներին. ՀՌՀ անդամի առաջադրման և ընտրության թեմայով խոսելիս Դ՛Օնտի բանաձևը մի հիշատակեք: