Տեսակետ

Պայքար՝ տնտեսական լծակների համար

Հրապարակախոս Գարեգին Միսկարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանում նույն քաղաքական օրակարգը սպասարկող ԱԺ-ում ծվարած երկու բեևեռների կողմից իրականացվող  գործողությունները պետականության հետ աղերս չունեն։ Մի կողմից ստանդարդ դեմագոգիայով զբաղվող կառավարող ուժը, մյուս կողմից իրեն ընդդիմություն հռչակած ԱԺ խմբակցությունները, լծված են մեկ ընդհանուր գործի՝ իշխանության համար պայքարի։
Հարց է ծագում, իսկ նրանց ինչի՞ն է պետք այդ իշխանությունը։ Արդյոք չեն կարող հանգիստ ապրել, առանց քաղաքական վայրիվերումների։ Չէ, որ ԱԺ-ում գտնվող ուժերը ունեն այն ինչ իրենց պետք է՝ փող ու ազդեցություն և չունեն պետականություն կերտելու գիտելիք ու կամք, ինչը արդեն ապացուցել են։
Խնդիրն այն է, որ իշխանության համար պայքարը նոր օլիգարխիկ համակարգ ձևավորելու համար տնտեսական լծակներին տիրապետելու պայքար է։ Քանի որ ոչ նախկին ուժերը և ոչ էլ ներկա կառավարիչները ի վիճակի չեղան ժողովորդավար պետություն կայացնելու, և հենվելու ժողովրդի իշխանության վրա, ժողովրդից օտարված այդ ուժերին անհրաժեշտ է իրենց ազդեցությունը պահելու համար շատ փող։ Իսկ փողի համար անհրաժեշտ են վարչական լծակներ։
Սա էր հիմնական պատճառը, որը կառավարող վարչախմբերին ստիպում էր վերարտադրվելու համար գնալ ընտրակեղծիքների և քաղաքական առևտրի։ Գործող քաղաքական «վերնախավը» որպես այդ միջավայրում ձևավորված քաղաքական միավոր, լավ գիտի այդ խաղի կանոնները և մենք ըստ էության տեսնում ենք ոչ թե պետությունը այս կամ այն ճանապարհով զարգացնելու առաջնահերթությունների համար պայքար, այլ կապիտալի վերաբաշխման համար մղվող պրիմիտիվ կռիվ։
Եթե ցանկանում ենք պետություն ունենալ, մեզ նոր որակի քաղաքական մշակույթ հաստատել է պետք, նոր որակի հարաբերությունների վրա հենված։ Ինչպե՞ս... 
Շատ պարզ... Այս խնդիրը գիտակցող և վերջին միտքը կիսող քաղաքացիները պիտի հասկանան, որ իրենց անմիջական մասնակցությունն է պետք այդ որակական փոփոխությանը։ Կամ մենք սկսում ենք մեր ձեռքը վերցնել մեր ճակատագիրը, կամ այն շարունակում են տնօրինել պատեհապաշտներն ու թայֆաբազները»։