Վերլուծություն

Իրանական քաոսի հայկական ստվերը, կամ ինչպես պահել հավասարակշռությունը Թրամփի և Այաթոլլահների միջև

Իրանական քաոսի հայկական ստվերը, կամ ինչպես պահել հավասարակշռությունը Թրամփի և Այաթոլլահների միջև

Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը նորից թևակոխել է ավիակիրների տեղաշարժերի ու բաց ռազմական սպառնալիքների փուլ։ Հայաստանի շահերը հայտնվել են իրանական «կարմիր գծերի» և ամերիկյան «նոր կարգերի» արանքում։

Ռազմական դիրքավորում և դաշնակիցների «արգելակը»

Ամերիկյան «USS Abraham Lincoln» ավիակիրը Հարավչինական ծովից տեղափոխվում է Մերձավոր Արևելյան տարածաշրջան։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Քաթարի բազաներից տարհանում են ռազմական կոնտինգենտը՝ զգուշանալով իրանական հնարավոր հարվածներից։ Սրանք ազդակներ են, որ հակաիրանական ռազմական մեքենան գործում է։

Սակայն հարվածի հրամանն արձակելու հարցում Վաշինգտոնը հապաղում է։ Դոնալդ Թրամփն արդեն հասցրել է հայտարարել. «Մենք պատրաստ ենք և սպասում ենք, բայց ես տեսնում եմ, որ իրավիճակը կարող է փոխվել»։ Իրանցիներին օգնություն խոստացած ԱՄՆ նախագահի կողմից նման նահանջի համար առիթ են դարձել Թեհրանից անուղղակի հավաստիացումները, թե ձերբակալված ապստամբների մահապատժի գործընթացը սառեցվել է։ Սակայն սա սոսկ պատրվակ է։

Հապաղման իրական պատճառը տարածաշրջանային ծանրքաշայինների՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի դիմադրությունն է։ Առանց նրանց աջակցության՝ որևէ ռազմական օպերացիա անհնարին կլինի։ Սաուդյան Արաբիան, որ տարիներ շարունակ Իրանի թիվ մեկ հակառակորդն էր, փակում է իր օդային տարածքը ամերիկյան կործանիչների առաջ։ Էր-Ռիադում գիտակցում են՝ ցանկացած կայծ այրելու է նաև իրենց նավթահորերը։ Բացի այդ, Իրանում ֆունդամենտալ իսլամի անկումը դոմինոյի էֆեկտով կարող է համակել նաև արաբական այդ երկիրը։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ավելի քան հստակ էր՝ իրենք դեմ են Իրանի դեմ ցանկացած ռազմական միջամտության։ Անկարան, որի համար Իրանի անկումը տարածաշրջանային հեգեմոնիայի հաստատման ուղիղ ճանապարհ է, սարսափում է միլիոնավոր փախստականների ալիքից։ Թուրքիան սարսափելու ևս մեկ առիթ ունի՝ քրդերի հարցը։ Թույլ Սիրիան ուժեղացած քրդական գործոն դարձավ։ Երկրորդ այդպիսի գործոնի ստեղծումը Իրանում գլխացավանք կդառնա Անկարայի համար։

Արյան մեջ խեղդվող ապստամբություն

Մինչ Վաշինգտոնում քննարկում են թիրախների ցանկը, Իրանի փողոցներում սեփական ժողովրդի դեմ ռեժիմի պատերազմը սարսափելի դրսևորումներ է ստացել։ Թեհրանից, Թավրիզից ու Սպահանից ստացվող կադրերը ցնցել են աշխարհը։ Հունվարի սկզբից ի վեր զոհերի թիվը, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, արդեն անցել է 2600-ի սահմանը, խոսվում է ընդհուպ մինչև 12000 զոհի մասին։ Բանտերը լցված են տասնյակ հազարավոր բողոքարար երիտասարդներով։

Այս ըմբոստությունը տարբերվում է նախորդներից իր մասշտաբով, քաղաքական բովանդակությամբ, ընդգծված առաջնորդի առկայությամբ։ Իրանի իշխանությունները ցանկացած արտաքին միջամտություն որակում են «ահաբեկչական ագրեսիա»։

Երևանյան «TRIPP»-ը և Թեհրանի նյարդերը

Այս գլոբալ լարվածությունը չի շրջանցում Հայաստանը։ ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին, օրեր առաջ անդրադառնալով Սյունիքով անցնող TRIPP նախագծին, նշել էր, թե իրենք վստահում ենք Հայաստանին, բայց չեն կարող աչք փակել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը դարձնել ռազմավարական գործիք իրենց սահմանին։ Իրանի դեսպանը նաև դժգոհել էր Երևանում իրենց դեսպանատան մոտ տեղի ունեցող ցույցերից։ Նա փորձում է ցույց տալ, որ ցույցերի թույլատրումը Թեհրանում ընկալվում է որպես հարված թիկունքից։ Ակնարկն այն մասին, թե իրանական ժողովուրդը դա չի մոռանա, Երևանի հետ հարաբերությունները վերանայելու թաքնված սպառնալիք է։

Հայաստանի համար իրանական ճգնաժամը երկու շերտ ունի՝ կարճաժամկետ անվտանգային և երկարաժամկետ տնտեսական։ Եվ ամեն ինչ միարժեք չէ։

Ինչու է մեզ ձեռնտու ներկայիս ստատուս քվոն. Այսօրվա Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականության շոշափելիորեն ամենաազդեցիկ զսպող գործոնն է։ Եթե Թեհրանում իշխանությունը թուլանա, կամ երկիրը գահավիժի քաղաքացիական պատերազմի մեջ, Սյունիքի նկատմամբ ադրբեջանական նկրտումների զսպման ամենալուրջ երաշխիքներից մեկը կփլուզվի։

Բացի այդ, Հայաստանի անվտանգային համակարգը և զենքի տարանցման ուղիները մեծ չափով կախված են Իրանի գործող վարչակարգի բարի կամքից։ Արդյո՞ք այն կպահպանվի, և արդյո՞ք այդ վարչակարգի համար Հայաստանը կունենա նույնպիսի տարածաշրջանային արժեք, որքան հիմա է։ Այս ամենին պետք է գումարել նաև Իրանում ռազմական կամպանիայի դեպքում հնարավոր հումանիտար աղետը՝ հազարավոր փախստականների ներհոսքը։ Կա ևս մեկ գործոն․ եթե կենտրոնական իշխանությունը Թեհրանում թուլանա, Իրանի հյուսիսում կարող են սկսվել ազերիական անջատողական շարժումներ։ Դա կվտանգի Հայաստանի՝ իր անվտանգ հարավային սահմանի ազատ օգտագործման հնարավորությունը։

Ինչու է մեզ ձեռնտու փոփոխությունը. Մյուս կողմից, պատժամիջոցների տակ գտնվող Իրանը «կապված ձեռքերով» հսկա է։ Այն չի կարող դառնալ տնտեսական լիարժեք գործընկեր՝ անգամ լավագույն ցանկության դեպքում։ Դեպի Պարսից ծոց տանող ուղին բացելու դեպքում էլ հնարավոր չի լինելու դրանից ստանալ անհրաժեշտ ծավալի դիվիդենտները։ Իրանի բանկային համակարգը փակ է, փոխանցումներն անհնար են, ռիսկերը՝ ահռելի։ Սրանք կչեզոքանան Իրանի ներքին վերափոխման դեպքում։

Բացի այդ, ժողովրդավարական, աշխարհին ինտեգրված Իրանը Հայաստանի համար կստեղծի ռուսական գազի և նոր կոմունիկացիաների իրական այլընտրանք։ Արդյունքում կլիներ նոր տարածաշրջան, որտեղ Հայաստանը կդառնար աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական խաչմերուկ, ներառյալ՝ նաև Պարսից ծոց-Սև ծով ճանապարհին։  

Դիվանագիտական «լարախաղացության» ռիսկերը

Երևանը հիմա ածելիի ծայրով քայլող «լարախաղաց» է։ Հայաստանի դիվանագիտությունը ստիպված է գործել ոսկերչական ճշգրտությամբ։

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հակադրվել ԱՄՆ-ի տնտեսական նախագծերին, բայց նաև իրավունք չունի կորցնել Իրանի վստահությունը։ Իրանում բռնաճնշումներն ու ցույցերը ցավալի են մարդկային տեսանկյունից։ Սակայն պետական շահի տեսանկյունից Երևանը պետք է խուսափի Թեհրանի ներքին գործերին միջամտելու, որպես գործիք օգտագործվելու ցանկացած տպավորությունից։ Հայաստանից պահանջվում է լինել լիակատար ազնիվ թե՛ Վաշինգտոնի․ թե՛ Թեհրանի առջև։ Կայուն Իրան և Իրանի տարածքային ամբողջականության պահպանում՝ անկախ այնտեղ տիրող վարչակարգի գույնից․ սա է Հայաստանի շահը։ Երևանի առաքելությունը մեկն է՝ դառնալ ոչ թե «պլացդարմ», այլ «նավահանգիստ», որտեղ հակամարտող կողմերի շահերը հատվում են առանց կրակոցի։

Գոռ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական