Վերլուծություն

Հին ընկերները չեն դավաճանում․ կամ ինչո՞ւ է ՀՅԴ-ն խուսափում Քոչարյանի անունը հնչեցնելուց

Հին ընկերները չեն դավաճանում․ կամ ինչո՞ւ է ՀՅԴ-ն խուսափում Քոչարյանի անունը հնչեցնելուց

Դաշնակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մտադիր է մասնակցել դաշինքով. նման որոշում է կայացրել ՀՅԴ գերագույն ժողովը։ 

Կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ ժողովը ԳՄ-ին լիազորել է «վարել ակտիվ նախընտրական բանակցություններ՝ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ, ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունն ու մոտեցումների արտացոլումը կարևորագույն հարցերում»։

Սաղաթելյանն անմիջապես հավելել է, որ իրենք սկսելու են քննարկումներ՝ դաշինքի վերջնական ձևաչափը որոշելու ուղղությամբ. «Բնականաբար, մենք, արժևորելով «Հայաստան» դաշինքի գործունեությունը, առաջնային քննարկումներն սկսելու ենք մեր գործընկերների հետ։ Մեր տրամադրվածությունը հետևյալն է՝ ունենք ցանկություն, հնարավորություն, ինչու չէ՝ հավակնություն, դաշինքը պահպանելու, ընդլայնելու և ավելի ազդեցիկ միավոր դարձնելու»։

Սա, իհարկե, լավ է հնչում, շատ ազդեցիկ, նույնիսկ՝ մի տեսակ սկզբունքային, գաղափարական. չէ՞ որ տարիներ առաջ հենց ՀՅԴ-ի նախընտրական կարգախոսն էր. «Հին ընկերները չեն դավաճանում»։ Ու հիմա ՀՅԴ-ն չի դավաճանում «Հայաստան» դաշինքի հին ընկերներին։ 

Բայց այստեղ մի փոքր անհասկանալի պահ կա. ո՞րն է «Հայաստան» դաշինքը, ովքե՞ր են ՀՅԴ-ի՝ «Հայաստան» դաշինքի գործընկերները։

Եթե չեք մոռացել, 2021թ. ԱԺ ընտրություններում ՀՅԴ-ն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները Ռոբերտ Քոչարյանի հետ եռակողմ համաձայնագիր ստորագրեցին այդ դաշինքը կազմելու մասին։ 

Բայց խորհրդարան անցնելուց որոշ ժամանակ անց՝ 2022թ. նոյեմբերին, «Վերածնվող Հայաստանը» շռնդալից լքեց դաշինքը՝ հայտարարելով, որ դադարեցնում է կուսակցության գործունեությունը ԱԺ-ում։ Նույնիսկ հայտարարության մեջ նշել էին, որ ընտրացուցակի՝ իրենց կուսակցության անդամները չեն վերցնի մանդատները, իսկ ով էլ գնա խորհրդարան, ստիպված է լինելու լքել շարքերը։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խորհրդարանական գործունեությունն ու պատգամավորական մանդատները մեզ համար ինքնանպատակ չեն»,- ասված էր նրանց հայտարարության մեջ՝ ակնարկելով գործընկեր ՀՅԴ-ին։

Այնպես որ, «Հայաստան» դաշինքի մյուս գործընկեր կուսակցությունը վաղուց լքել է իրենց, նույնիսկ քաղաքական դաշտում դրանից հետո ակտիվություն չեն ցուցաբերում։ Դժվար է հիշել, թե այս տարիներին տեղի ունեցած որ իրադարձության մասին է «Վերածնվող Հայաստան»-ը կամ դրա ղեկավար Վահե Հակոբյանը որևէ տեսակետ հայտնել, հայտարարություն տարածել կամ նկատելի քայլ արել (առավելագույնը՝ Բագրատ արքեպիսկոպոսի «Սրբազան շարժման» հանրահավաքներին մասնակցած լինեն, այն էլ՝ սկզբնական շրջանում)։ 

Այնպես որ, անհասկանալի է՝ ում նկատի ունի ՀՅԴ-ն, երբ ասում է, որ քննարկումներ են սկսում «Հայաստան» դաշինքի գործընկերների հետ։

Իսկ գուցե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՞ն, որը գլխավորել էր այդ դաշինքը, և նրա քվոտայով խորհրդարան անցած մի քանի անկուսակցական պատգամավորի՞, այդ թվում՝ կրտսեր Քոչարյանին։ Բայց Ռոբերտ Քոչարյանն այս դեպքում անձ է՝ իր հավատարիմ զինակիցների թիմով, ոչ՝ կուսակցություն։ Իսկ դաշինք կազմում են կուսակցությունները, ոչ թե մի կուսակցություն ու անձ՝ իր թիմով։

Այնպես որ, ոչինչ չէր խանգարի Իշխան Սաղաթելյանին՝ լինել ավելի պարզ և ուղիղ հայտարարել այդ մասին։ 

Բայց, արի ու տես, հարցին՝ ով է ղեկավարելու դաշինքը, արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը նշել է. «Այդ մասին որոշում չկա։ ՀՅԴ-ն որոշել է մասնակցել դաշինքային ձևաչափով։ Հիմա պետք է տեղի ունենան քննարկումներ, խորհրդակցություններ և բանակցություններ, որ գանք եզրակացության»։

Իսկապե՞ս։ Լո՞ւրջ եք ասում։ Մի տեսակ անհավատալի է։ Պարզից էլ պարզ է, որ եթե ՀՅԴ-ն հայտարարում է դաշինք կազմելու մտադրության ու, առաջին հերթին, իրենց գործընկերոջ հետ քննարկումների մասին, ուրեմն, նախապես այս հարցով եղել են բանակցություններ, և հենց՝ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ու հետո, Ռոբերտ Քոչարյանն էլ իր ասուլիսների ժամանակ մշտապես խոսում է հաջորդ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Վերջին ասուլիսի ժամանակ էլ պարզ դարձավ՝ ոչ միայն «լսել չէր ուզում» իր՝ քաղաքականությունից հեռանալու մասին խորհուրդները, այլև թափանցիկ ակնարկեց, որ հենց ինքն էլ գլխավորելու է ցուցակը. «Եթե մեր թիմում հայտնվի մեկը, որ, ըստ սոցիոլոգիայի, ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ»։

Եւ ուրեմն, ինչո՞ւ է ՀՅԴ-ն խուսափում նման հարցերի մասին ուղիղ խոսելուց, ինչո՞ւ է փորձում «հեռվից» գալ, բանակցությունների իմիտացիա ստեղծել, և այլն, և այլն։

Ընդամենը քարոզչական նկատառումո՞վ է սա արվում, որ ամեն քայլը հանրային, քաղաքական դաշտում քննարկումների առարկա դարձնեն, թե՞, այնուամենայնիվ, խուսափում են Քոչարյանի հետ ասոցացվելուց, բայց քանի որ այլընտրանք չունեն, փորձում են, այսպես, հեռվից գալ, ու որոշման մասին քիչ-քիչ հայտնել։ Առավել ևս, երբ այս տարիներին այդպես էլ չարդարացրին իրենց քվեարկած քաղաքացիների ակնկալիքը. չէ՞ որ 2021թ․ ընտրություններում խոստանում էին «մինչև քոքը մաշեցնել», «կռել» այս իշխանություններին։ Բայց ԱԺ դահլիճում խժդժություններից, քաշքշուկներից, կռիվներից, մի քանի ամիս բոյկոտից հետո վերադարձան խորհրդարան ու շարունակեցին խելոք աշխատել, ճամփորդել, պատգամավորական բարիքներից օգտվել։

Իսկապես, ինչո՞ւ է ՀՅԴ-ն խուսափում Ռոբերտ Քոչարյանի անունն ուղիղ տալուց ու նրա հետ համագործակցության մասին միանգամից խոսելուց։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական