2026 թվականի հունվարի 7-ը պատմության մեջ կմնա որպես ԱՄՆ-ի «Մեծ բեռնաթափման» և գլոբալ աշխարհաքաղաքականության փոփոխության օր։ Այդ օրը նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «Ազգային ինքնիշխանության վերականգնման և միջազգային ավելորդ պարտավորությունների կրճատման մասին» նախագահական հուշագիրը։ Այն պարզապես փաստաթուղթ չէր, այլ գործադիր հրաման, որով հրահանգվում է Պետդեպարտամենտին և բոլոր դաշնային գերատեսչություններին իրականացնել ԱՄՆ-ի դուրսբերումը 66 միջազգային կառույցներից և համաձայնագրերից, որոնցից 31-ը կապված են ՄԱԿ-ի հետ։ Հուշագրի թիրախում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երեխաների նկատմամբ բռնության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակը, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամը,ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովը, և այլն։ Սակայն նշանակալի են հատկապես երկուսը․
• ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիա (UNFCCC)․ Դուրս գալով դրանից՝ ԱՄՆ-ն ավտոմատ լքում է և՛ Փարիզյան համաձայնագիրը, և՛ կլիմայական բոլոր այլ սահմանափակումները։ Սա ԱՄՆ-ի համար «էներգետիկ ազատագրման» ակտ է, որը քանդում է կլիմայական բոլոր սահմանափակումների իրավական հիմքը։ Սա Վաշինգտոնին հնարավորություն է տալիս առավելագույնի հասցնել սեփական և վենեսուելական հանածո վառելիքի արդյունահանումը, կտրուկ նվազեցնել ամերիկյան արտադրանքի ինքնարժեքը Չինաստանի հետ մրցակցությունում և դադարեցնել միլիարդավոր դոլարների հատկացումները միջազգային «կանաչ հիմնադրամներին»։ ԱՄՆ-ն ստանում է «արդյունաբերական ամենաթողություն», որպեսզի իր տնտեսական հզորությունը վերածի բացարձակ աշխարհաքաղաքական զենքի՝ առանց հաշվետու լինելու միջազգային բնապահպանական ատյաններին։
• ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ (UNHRC) և ՅՈՒՆԵՍԿՕ (UNESCO)․ այս կառույցներից հրաժարումով ԱՄՆ-ն վերջնականապես քանդում է այն բարոյական և մշակութային կաղապարները, որոնք կարող էին զսպել նրա աշխարհաքաղաքական էքսպանսիան։ Այս քայլը Վաշինգտոնին ազատում է մարդու իրավունքների և մշակութային ժառանգության պաշտպանության «բազմակողմ պարտավորություններից»՝ թույլ տալով արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել բացառապես սեփական շահերով, ինչպես նաև պաշտպանել դաշնակիցներին միջազգային քննադատությունից։ Սա հստակ ուղերձ է աշխարհին. ԱՄՆ-ն այլևս չի խաղալու գլոբալիստական կանոններով, որտեղ նրա ուժը կարող է սակարկվել կամ կաշկանդվել քվեարկությունների միջոցով։
Ավելի վաղ, 2025թ․ ընթացքում, Թրամփը հրամանագրով արգելել էր որևէ տեսակի համագործակցություն ևս երկու խոշորագույն կառույցներին՝ Միջազգային քրեական դատարանին (ICC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO)։ ՄՔԴ-ի հետ կամուրջների այրումը ԱՄՆ-ի համար ռազմավարական զրահ է։ Դուրս գալով միջազգային արդարադատության դաշտից՝ Վաշինգտոնն իրեն փաստացի իրավունք է վերապահում կիրառել ուժ ցանկացած վայրում՝ առանց անհանգստանալու ապագա դատական հայցերի համար. ուժեղն է սահմանում, թե որն է հանցագործությունը։
Իսկ ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրսբերումը և ֆինանսավորման դադարեցումը Վաշինգտոնը պաշտոնապես բացատրել էր նրանով, որ ԱՀԿ-ն գտնվում է Պեկինի «ոչ պատշաճ քաղաքական ազդեցության» տակ։ Թրամփի վարչակազմը գտնում է, որ ԱՄՆ-ն կատարում է անհամաչափ մեծ վճարումներ (ֆինանսավորման մոտ 18%-ը), մինչդեռ Չինաստանը վճարում է 90%-ով պակաս: WHO-ից դուրս գալը նշանակում է դադարեցնել «ամերիկացի հարկատուների փողերի վատնումը» մի կառույցի վրա, որը Վաշինգտոնի կարծիքով դարձել է չինական գործիք։ Այս քայլով ԱՄՆ-նաև մերժում է ցանկացած «գլոբալ կառավարում», որը կարող է պարտադրել բժշկական ստանդարտներ կամ սահմանափակումներ և ցանկանում է ինքնուրույն տնօրինել իր դեղագործական շուկան և կենսաբանական անվտանգությունը՝ առանց միջազգային «բյուրոկրատների» միջամտության:
Հուշագրի ստորագրումից անմիջապես հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ կոդավորեց ԱՄՆ-ի նոր՝ «նախևառաջ ԱՄՆ-ն» աշխարհաքաղաքական հավատամքը. «Մենք չենք շարունակի ծախսել ռեսուրսներ, դիվանագիտական կապիտալ և մեր շահերի հետ կապ չունեցող կամ դրանց հակասող ինստիտուտներում։ Մենք մերժում ենք իներցիան և գաղափարախոսությունը՝ նախապատվությունը տալով խոհեմությանը և նպատակասլացությանը։ Մենք ձգտում ենք համագործակցության այնտեղ, որտեղ այն ծառայում է մեր ժողովրդին, և կկանգնենք այնտեղ, որտեղ այն չի ծառայում»,-ասում է Ռուբիոն իր հայտարարությունում։
ԱՄՆ-ի գլոբալ «ինքնամեկուսացման» պրոցեսի և Ռուբիոյի հայտարարությունն ունեն դոկտրինալ նշանակություն, որոնք կարճ կարելի է ուղերձային երեք ուղղությունների բաժանել։
1. Անցում բազմակողմանիությունից դեպի երկկողմանիության. ԱՄՆ-ն հասկացնում է, որ նախապատվությունը տալիս է երկկողմ ուղղակի գործարքներին, ինչպես, օրինակ, TRIPP նախագիծը Հարավային Կովկասում, ուկրաինական թարկարժեք մետաղներին հասանելիություն ստանալը և այլն, որոնցում ԱՄՆ-ի դերը գերիշխող է։
2. Ուժի իրավունքի լեգիտիմացում. դուրս գալով միջազգային կոնվենցիաներից՝ Վաշինգտոնն իրեն ազատում է «միջազգային դատապարտման» հեռանկարից։ Սա ուղիղ ազդանշան է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ավելի ագրեսիվ գործողությունների՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից կաշկանդվելու։
3. Տնտեսական ազատություն. Կլիմայական և առողջապահական պայմանագրերից հրաժարվելը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին օգտագործել իր ողջ արդյունաբերական պոտենցիալը՝ տնտեսական մրցակցության մեջ Չինաստանին հաղթելու համար։
Դոկտրինալ շրջադարձ. ինքնիշխանությունն ընդդեմ գլոբալիզմի
Վաշինգտոնի կողմից 66 միջազգային կազմակերպություններից և համաձայնագրերից հրաժարումը շատերի համար հնչում է որպես աշխարհակարգի մահախոսական։ Սա քաոսային նահանջ չէ, այլ նախագահ Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող, այսպես կոչված «Ինտերվենցիոնիստական իզոլյացիոնիզմի» դոկտրինալ հարձակում։ Տրամաբանությունը շատ պարզ է՝ կենտրոնում ԱՄՆ-ի շահերն ու անվտանգությունն են, և եթե չկա պարտավորություն միջազգային կառույցների առջև, ապա չկա նաև այդ շահերն, ընդհուպ ուժի միջոցով, պաշտպանելու համար պատասխանատվություն։
Ինչո՞ւ հիմա
Հարց է առաջանում՝ ինչու հենց հիմա։ Պատասխանը թաքնված է աշխարհում տեղի ունեցող խորքային, գործընթացների մեջ, որոնք ԱՄՆ-ի վարչակազմը գնահատում է որպես իր շահերի ու անվտանգության ակնառու սպառնալիք։ Մասնավորապես ԱՄՆ-ի այս տեկտոնիկ տեղաշարժի հիմնական կատալիզատորը դարձավ ոչ միայն Չինաստանի աճող տնտեսական էքսպանսիան այն գոտիներ, որն ԱՄՆ-ն ավանդաբար համարում է իր ազդեցության տարածքը, այլև Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացված երկարատև ագրեսիան, որը վերահաստատեց հին միջազգային ճարտարապետության և միջազգային իրավունքի լիակատար անգործունակությունը։ Վաշինգտոնում իրավիճակը, ըստ էության, գնահատում են այսպես․ քանի դեռ իրենք կաշկանդված են բյուրոկրատական կոնվենցիաներով, ձևավորվող «հակահեգեմոնիկ բլոկը»՝ Ռուսաստան-Իրան-Չինաստան-Հյուսիսային Կորեա-Վենեսուելա-Բրազիլիա առանցքը, անարգել կերպով վերաձևում է աշխարհի տնտեսա-քաղաքական քարտեզը, սպառնալով նաև դոլարի կայսրությանը։ Սպիտակ տան համար 66 համաձայնագրերից դուրս գալը բյուրեղացված պատասխան էր այս ստվերային դաշինքին. ԱՄՆ-ն այլևս չի փորձում նրանց «զսպել» թղթե բանաձևերով, դիվանագիտական ռևերանսներով։ Նա անցնում է կանխարգելիչ, կոշտ և միակողմանի գործողությունների՝ քանդելով այդ դաշինքի օղակներն այնտեղ, որտեղ դրանք ամենախոցելին են։ Ու դրա առաջին ամենատպավորիչ ակտը Վենեսուելայի դեմ իրականացված ագրեսիան էր և նախագահ Մադուրոյի առևանգումը։
Միջազգային արձագանքը. տագնապ և զգուշացումներ
Աշխարհի արձագանքը չուշացավ։ Չինաստանի ԱԳՆ խոսնակը Վաշինգտոնի քայլերը որակեց որպես «միակողմանիության տոտալիտարիզմ», նշելով, որ ԱՄՆ-ն քանդում է այն հիմքերը, որոնց վրա հենվում էր համաշխարհային կայունությունը։ Եվրոպայում, թեև ավելի զուսպ, բայց տագնապով են խոսում «տրանսատլանտյան ճաքի» մասին՝ հաշվի առնելով նաև ՆԱՏՕ-ից դուրս գալու ԱՄՆ-ի ոչ երկիմաստ սպառնալիքները։ Սակայն Վաշինգտոնին այդ ամենն այլևս չի հետաքրքրում. նոր վարչակազմը երկընտրանք է առաջարկում․ դաշնակիցները կա՛մ պետք է ընդունեն ամերիկյան նոր պայմանները, կա՛մ մնան «66-ի ստվերում»։
Հարավային Կովկաս. Վաշինգտոնյան համաձայնագրի և TRIPP-ի նոր էֆեկտը
Այս ագրեսիվ դոկտրինի ֆոնին բոլորովին նոր լույսի ներքո է հայտնվում 2025թ. օգոստոսին Վաշինգտոնում Թրամփի հովանու ներքո հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և TRIPP նախագծի հռչակումը։
2025-ին դա զուտ դիվանագիտական տակտիկական ձեռքբերում էր։ 2026-ի առաջին տաս օրերի հագեցած իրադարձությունների համատեքստում այն ստանում է ռազմավարական նոր նշանակություն՝ երկու իմաստով։ Առաջին՝ ստիպում է Ադրբեջանին ավելի կանխատեսելի դարձնել իր վարքագիծը։ Հիմա արդեն պարզ է, որ Վաշինգտոնը, Ադրբեջանին պարտադրելով այս համաձայնագիրը՝ Բաքվին զրկում է մանևրից։ Այս իմաստով TRIPP-ը ոչ թե պարզապես տնտեսական ու կոմունիկացիոն տարածաշրջանային ծրագիր է, այլ «աշխարհաքաղաքական խարիսխ»։ Ադրբեջանը, իր տոտալիտար ռեժիմով, ներգրավվելով ամերիկյան ենթակառուցվածքային այս նախագծում, ստիպված է լինելու զուսպ մնալ նաև Ռուսաստանի կամ Իրանի հետ խաղերում, քանի որ ԱՄՆ-ն այժմ ցույց է տալիս, որ պատրաստ է կոշտ պատժել իր շահերը շրջանցողներին՝ հենց հատկապես տոտալիտարիզմի գործոնը խաղարկելով։
Երկրորդ՝ TRIPP նախագիծը ԱՄՆ-ի համար Իրանի հյուսիսային դարպասների, ինչպես նաև Իրանի հյուսիսով անցնող կոմունիկացիաների վերահսկողության գործիք է։ Այն դեպքում, երբ Իրանում բողոքի ցույցերը սրվում են, և ԱՄՆ-ն սպառնում է հնարավոր միջամտությամբ, Հարավային Կովկասի կայունությունը՝ ամերիկյան պայմաններով, դառնում է առանցքային։ Սա Իրանին ևս զրկում է տարածաշրջանային մանևրի հնարավորությունից, թեև մյուս կողմից, իհարկե, նաև ստիպում է իր անվտանգության բարձիկները փնտրել Մոսկվայում ու Պեկինում։
Ինչևէ, միջազգային իրավունքը փոխարինվում է «գործարքային անվտանգությամբ»։ Նրանք, ովքեր Վաշինգտոնի հետ ստորագրել են երկկողմ համաձայնագրեր (ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը 2025-ին), ստանում են ժամանակավոր պաշտպանություն։ Բայց դա պաշտպանություն կլինի այնքան ժամանակ, քանի դեռ դա ծառայում է Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի «հակաամերիկյան ստվերային դաշինքի» դեմ ԱՄՆ պատերազմին։
Աշխարհը այլևս երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև 2026թ.։ Նորի աշխարհակարգը գծագրվում է Սպիտակ տան օվալաձև սենյակում և Վաշինգտոնի կոշտ հրամանագրերով։ Ու այն, ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում, տեղի է ունենում Իրանում, դեռ միայն ծաղիկներն են։ Աշխարհը կանգնում է քաղաքական փոթորիկների շեմին․․․
Գոռ Աբրահամյան